Կարաոկեները, դիսկոտեկները և գիշերային ակումբները բազմաբնակարան շենքերի տակից կհանվեն

Հեստապարային ակումբները, կարաոկեները, դիսկոտեկները բազմաբնակարան շենքերի տակից դուրս կգան։

Նոյեմբերի 23-ին վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ փաթեթը մշակվել է ի կատարումն վարչապետի՝ բազմաբնակարան շենքերում և դրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային ակումբների և զվարճանքի այլ օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու հանձնարարականի:

Զեկուցվել է, որ օրենսդրական փաթեթի միջոցով ՀՀ օրենսդրությամբ առաջին անգամ տրվում են հանրապետությունում լայն տարածում ստացած առևտրային ծառայությունների մի շարք օբյեկտների՝ սահմանումներ, մասնավորապես, «հեստապարային ակումբ», «կարաոկե», «դիսկոտեկ»: Օրենքով հստակ սահմանվում է, որ նշված օբյեկտները, ինչպես նաև սաունան, բաղնիքը և շոգեբաղնիքը հանդիսանում են սահմանափակումների ենթակա օբյեկտներ և արգելվում է դրանց տեղակայումը բազմաբնակարան շենքի բնակելի և ոչ բնակելի տարածքում: Միաժամանակ հաշվի առնելով, որ նման տեսակի ծառայությունների իրականացման թույլտվությունները տրամադրվում են տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների հիման վրա, օրենքով սահմանվել է նաև, որ նման օբյեկտների տեղակայմանը ներկայացվող ընդհանուր պահանջները սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է օրենսդրական փաթեթը սեղմ ժամկետներում բերել վերջնական տեսքի և ներկայացնել կառավարության աշխատակազմ:

Մեկնաբանել