Բրյուսելյան գագաթաժողովի հռչակագրում Ղարաբաղը չի հիշատակվի․ Euractiv

Այսօր Բրյուսելում կհանդիպեն Եվրամիության և Արևելյան գործընկերության վեց երկրների առաջնորդները՝ ձգտելով խորացնել կապերը, սակայն օրակարգից դուրս են մնում ուկրաինական և Ղարաբաղյան հակամարտությունները, գրում է Euractiv կայքը։

Գագաթաժողովի նպատակն է օգնել Վրաստանին, Ուկրաինային, Մոլդովային, Հայաստանին, Ադրբեջանին և Բելառուսին պայքարել կոռուպցիայի դեմ, խթանել օրենքի գերակայությունը, արդիականացնել տնտեսությունները։ Այսօրվա միջոցառմանը մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի նախագահները, Մոլդովայի և Վրաստանի վարչապետերը, Բելառուսի արտաքին գործերի նախարարը։

Գագաթաժողովի արդյունքներով ընդունվելիք համատեղ հռչակագրում, ինչպես գրում է կայքը, ամրագրվելու են Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի [ունեն Ասոցացման համաձայնագրեր ԵՄ-ի հետ – Սիվիլնեթ] «եվրոպական ձգտումներն ու եվրոպական ընտրությունը»։

Կարևոր պահերից մեկն էլ այն է, որ գագաթաժողովը խուսափելու է ԱլԳ երկրներում ներկայում առկա հակամարտությունների քննարկումից։ Ի տարբերություն 2015թ․ գագաթաժողովի հռչակագրի՝ այս անգամ չի հիշատակվելու արևելյան Ուկրաինայում ընթացող պատերազմը կառավարական ուժերի և Ռուսաստանի կողմից աջակցություն ստացող անջատականների միջև, չի հիշատակվելու նաև Ղարաբաղյան հակամարտությունը։ Փոխարենը այն կոչ է անելու տարածաշրջանում առկա հակամարտությունները կարգավորել խաղաղ ճանապարհով, ինչը կտրուկ տարբերվում է 2015-ի կոշտ ձևակերպումներից, որոնք քննադատում էին Ռուսաստանին կողմից Ղրիմի բռնակցումը։

Ինչպես կայքին ասել է ԵՄ պաշտոնյաներից մեկը, դաշինքը «խորապես ներգրավված է» նախկին խորհրդային պետություններում հակամարտությունների կարգավորման ջանքերում, սակայն գագաթաժողովը «այն վայրը չէ, որտեղ պետք է բարձրացվի այդ հարցը»։

Մեկնաբանել