Մոսկվան «հարգանքով է վերաբերվում» ՀՀ-ԵՄ նոր փաստաթղթի ստորագրմանը

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Բրյուսելի գագաթաժողովին նախատեսվող՝ ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի ստորագրումը։

«Ի՞նչ է նշանակում Հայաստանի այդ ասոցացումը ԵՄ-ի հետ հայ-ռուսական կապերի տեսանկյունից» հարցին ի պատասխան Մարիա Զախարովան ասել է․ «Մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները պետությունների, մասնավորապես, Հայաստանի հետ՝ ելնելով փոխշահավետության սկզբունքից և հասկանալով, որ յուրաքանչյուր երկիր ունի իր արտաքին քաղաքական շահերը, նպատակներն ու խնդիրները։ Հարգանքով ենք դրան վերաբերվում։

Մենք անցկացրել ենք Երևանի հետ մեր փոխգործակցության ուղղությամբ արտաքին քաղաքական միջոցառումների մեծ համալիր։ Դուք տեսել եք՝ անցկացվել է ամենաբարձր մակարդակով բանակցությունների մի ամբողջ բլոկ։

Յուրաքանչյուր պետություն ունի իր արտաքին քաղաքական միջոցառումները, սեփական արտաքին քաղաքական դոկտրինների զարգացման համապատասխան հայեցակարգերը»։

***

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում ընթանում է ԵՄ Արևելյան գործընկերության 5-րդ գագաթաժողովը, որի ընթացքում նախատեսված է նաև ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, որը նախաստորագրվել է այս տարվա մարտին։ Համաձայնագիրը նպաստավոր պայմաններ է ստեղծում Ղարաբաղի հարցի լուծման համար, հեռանկար բացում վիզաների ազատականացման և Հայաստանում բարեփոխումների համար։ Ավելի քան երեք տարի Եվրամիության հետ բանակցելուց հետո 2013թ․ սեպտեմբերին Հայաստանը հրաժարվեց Ասոցացման համաձայնագրից և ստորագրեց Մաքսային միությանը, ապա՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հուշագիրը։ ՍիվիլՆեթը հետևում է Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովին՝ ուղիղ հեռարձակմամբ։

Live Blog՝ այստեղ։

Մեկնաբանել