Էրդողանը խոստանում է հրաժարական տալ, եթե ապացուցվի, որ օֆշորներում գումարներ ունի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է հրաժարական տալ, եթե գլխավոր ընդդիմությունը՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP, ԺՀԿ), ապացուցի, որ ինքն օֆշորային գոտիներում գումարներ ունի։

«Եթե Թայիփ Էրդողանը գեթ մի լումա ունի արտերկրում, նա [ԺՀԿ-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն – ՍիվիլՆեթ] պետք է ապացուցի դա։ Եթե ապացուցվի, ես մեկ րոպե անգամ չեմ մնա նախագահի պաշտոնում»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ հարցադրում անելով, թե որ օֆշորային բանկում են պահվում իր փողերը։

«Ապացուցի՛ր։ Եթե չես կարող, ինքդ պետք է դուրս գաս քաղաքականությունից»,- հայտարարել է Էրդողանը։

Նրա այս խոսքերը հետևել են Քըլըչդարօղլուի մեղադրանքներին, թե Էրդողանը ու նրա մերձավոր շրջապատը օֆշորներում գումարներ են պահում, և վերջերս հրապարակված «Դրախտի թղթեր» հետաքննությունում շրջանառվում են վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիների անունները, որոնք, ըստ պնդումների, Մալթայի օֆշորներում գրանցված բազմաթիվ ընկերություններ ունեն։

Էրդողանը հայտարարել է, որ իր փաստաբանները դատական հայց են ներկայացրել գլխավոր ընդդիմադրի դեմ՝ պահանջելով վճարել 1,5 մլն թուրքական լիրա՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։

Մեկնաբանել