Մալթայի կառավարությունը պայքարում է՝ կոծկելու իր նախարարների դեմ մեղադրանքները, որոնք, ըստ պնդումների, միլիոնավոր եվրոների կաշառքներ են ստացել հարուստ ադրբեջանցիներից գազային գործարքների ընթացքում։
Մալթացի նախկին ոստիկան Ջոնաթան Ֆերիսը պատմել է բրիտանական The Times պարբերականին, որ կառավարությունը փորձում է իրեն հետ պահել Մալթայի և ադրբեջանական իշխող կլանի միջև կապերի մասին նյութեր հրապարակելուց։ Ֆերիսի պնդմամբ՝ բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ կոռուպիցիոն դեպքերի իր հետաքննությունը հանգեցրել է ոստիկանության ֆինանսական հանցագործությունների բաժնից իր հեռացմանը։
Այս գործի սկիզբը դրել էր Մալթայի լավագույն հետաքննող լրագրողներից Դաֆնե Կարուանա Գալիցիան, որը սպանվել է հոկտեմբերի կեսին։ Ֆերիսի խոսքով՝ իրեն հետ չի պահում Գալիցիայի սպանությունը։
«Ես պայքարում եմ՝ բացահայտելու այս տեղեկատվությունը, որն իսկապես վնասակար է պետության, քաղաքական գործիչների և կառավարության մյուս պաշտոնյաների համար»,- ասել է Ֆերիսը։
Նա պատրաստվում է դատարանում հրապարակել փաստաթղթեր, որոնք կհաստատեն իր պնդումները։ Նախկին ոստիկանի տեղեկություններով՝ Ադրբեջանից Մալթա կատարված վճարումները իրականացվել են «Պիլատուս» բանկի և ֆինանսական այլ կառույցների միջոցով։
Մալթայում սպանված լրագրող Գալիցիայի վերջին բացահայտումներից մեկը վերաբերում էր երկրի վարչապետ Ժոզեֆ Մուսկաթի ընտանիքին և մերձավորներին, որոնք ներգրավված են Ադրբեջանի կառավարության հետ ապօրինի գործարքներում։ Մալթայի վարչապետը հերքում է բոլոր մեղադրանքները։
Գլխավոր լուսանկարը՝ Դաֆնե Կարուանա Գալիցիայի կայքից։ Լուսանկարը վերնագրված է՝ «Մալթայի վարչապետի կինը զվարճացնում է Ադրբեջանի բռնապետի դստերը երկրի պաշտոնական նստավայրերից մեկում»։