Բաքվում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի, Պակիստանի ԱԳ նախարարների առաջին եռակողմ հանդիպումը

Նոյեմբերի 30-ին Բաքվում անցկացվելու է Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուի, Էլմար Մամեդյարովի և Խավաջա Մուհամմադ Ասիֆի՝ եռակողմ ձևաչափով առաջին հանդիպումը․ այս մասին հաղորդում են ինչպես ադրբեջանական, այնպես էլ թուրքական լրատվամիջոցները։

Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ առաջին անգամ կազմակերպվող հանդիպմանը քննարկվելու են «երեք եղբայրական և բարեկամական երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդման հնարավորությունները», ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։

***

Թուրքիան և Պակիստանը ղարաբաղյան հակամարտությունում Ադրբեջանին անվերապահորեն աջակցող երկրներից են։ Երկու պետությունների հետ Ադրբեջանն ունի սերտ ռազմաքաղաքական հարաբերություններ։ Ներկայում Բաքուն Իսլամաբադի հետ բանակցում է JF-17 Thunder կործանիչների ձեռքբերման շուրջ։

Ադրբեջանական լրատվամիջոցներում և փորձագիտական շրջանակներում տարածված կարծիքի համաձայն՝ «Պակիստանը աշխարհի միակ երկիրն է, որը չի ճանաչում Հայաստանը»։

Իրականում, ինչպես նկատում է Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող Սուրեն Սարգսյանը, Հայաստանը չճանաչելու վերաբերյալ հայտարարությունները «Բաքվի համար են», քանի որ Պակիստանը ճանաչել է Հայաստանը դեռ 1992թ․։

«Ընդունված է կարծել, որ Պակիստանը չի ճանաչում Հայաստանը։ Այս խնդիրն ունի երկու հարթություն։ Քաղաքական և իրավական։ Քաղաքական հարթությունում Պակիստանն արդեն 25 տարի հայտարարում է, որ չի ճանաչում Հայաստանը։ Բոլոր այդ հայտարարությունները մեկ հասցեատեր ունեն։ Դա Ադրբեջանն է։ Սա կատարյալ հիմարություն է։ Ստացվում է, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանը, իսկ ի աջակցություն նրան Պակիստանը Հայաստանը չի ճանաչում։

Գանք իրավական հարթություն։ Սա կատարյալ հիմարություն է, նաև այս հարթությունում։ Պակիստանը ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետություն 1992 թվականի մարտի 2-ին, երբ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի թիվ A/RES/46/227 բանաձևին (բանաձևը վերաբերում է Հայաստանի ՄԱԿ-ին անդամակցելուն) դեմ չի եղել, որի հետևանքով բանաձևն ընդունել է առանց քվեարկության՝ անդամ երկրների կոնսենսուսով։ Այսինքն Պակիստանը կարող էր պահանջել քվեարկություն և դեմ քվեարկեր Հայաստանի անդամակցությանը (եթե այդքան սկզբունքային էր), սակայն չի արել։
Պակիստանը ճանաչել է Հայաստանը, որպես ՄԱԿ-ի լիիրավ անդամ, հետևաբար՝ անկախ պետություն։ Մնացած ամեն ինչ ադրբեջանահաճո պոպուլիզմ է։

Հ․Գ․ 1. Դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը ճանաչել-չճանաչելու հետ որևէ աղերս չունի։
Հ․Գ․ 2. Ճանաչումը միջազգային իրավունքի ամենալղոզված հասկացությունն է»,- Ֆեյսբուքի գրառումներից մեկում նշել էր Սարգսյանը։

Մեկնաբանել