Լեհական օգնությունը Հայաստանում  

2007 թվականից Երևանում Լեհաստանի դեսպանությունը իրականցնում է զարգացման նախագծեր «Փոքր դրամաշնորհներ» ծրագրի շրջանակում: Տասը տարիների ընթացքում իրականացվել է 49 ծրագիր 600 000 եվրո ընդհանուր գումարով:

Այս ծրագրերի մեծ մասը ուղղվել է դեպի ամենախոցելի խմբերին և համայնքներին՝ երեխաներ, կանայք, հաշմանդամություն ունեցող անձինք, գյուղական հեռավոր շրջաններ:

Առաջին ծրագրերից մեկը Երևանում Լեհաստանի դեսպանությունը իրականացրել է Սիվիլիթաս հիմնադրամի հետ 2009 թվականին: Ծրագրով, որի արժեքը կազմել է ավելի քան 14 000 եվրո, Սյունիքի մարզի Ակներ և Հարժիս գյուղերի համար գնվել է կաթի հավաքման և պահպանման սառնարան:

Վերջերս իրականացված ծրագրերից մեկը Սյունիքի մարզի Տեղ գյուղի դպրոցի ճաշարանի հիմնանորգումն է ու կահույքով, անհրաժեշտ այլ պարագաներով ապահովումը, ինչի արդյունքում հնարավոր է դարձել, որ միաժամանակ 60 աշակերտ տաք սնունդ ստանա: Այս ծրագրի արժեքը կազմել է շուրջ 8 000 եվրո: Անցյալ տարի «Լեհական օգնության» միջոցով վերանորոգվել և կահավորվել էր նույն դպրոցի սանհանգույցը:

Նոյեմբերի 30-ին Հայաստանում Լեհաստանի դեսպանի կեցավայրում տեղի ունեցած ընդունելության ընթացում գործերի ժամանակավոր հավատարմատար Մարեկ Ռեշուտան և դեսպանության մյուս պատասխանատուները ներկայացրեցին «Լեհական օգնություն» զարգացման ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները, ինչպես նաև հրավիրյալների հետ քննարկեցին համագործակցության հետագա քայլերը:

2007 թվականից ի վեր 49 նախագծերից ամենախոշորը իրաականացվել է Լոռու մարզի Կուրթան գյուղում: Ավելի քան 44 000 եվրո է ծախսվել գյուղի դպրոցում կենտրոնական ջեռուցում տեղադրելու և սանհանգույցը հիմնանորագելու համար:

49 նախագծերից 18-ն իրականացվել է Լոռու մարզում, 10-ը՝ Սյունիքում, մյուսները Երևանում, Արագածոտնում, Տավուշում, Կոտայքում և Շիրակում:

Լեհաստանը 1980-ական թթ. վերջերին և 90-ականների սկզբներին, երբ մտել էր քաղաքական և տնտեսական տրանսֆորմացիայի փուլ, միջազգային կազմակերպություններից և առանձին երկրներից ստացել է ֆինանսական օժանդակություն: Եվրոպական Միության անդամ Լեհաստանը այսօր ինքն է օգնություն տրամադրում այլ երկրների, որոնց թվում է Հայաստանը:

Այդ օգնությունները մեծ գումարներ չեն, սակայն իրականացված ծրագրերը երկար տարիների համար են և դրանցից օգտվում են հազարավոր մարդիկ:

Նշենք այդ ծրագրերից ևս մի քանիսը. Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղի մանկապարտեզի վերանորոգում և կահավորում (ավելի քան 11 000 եվրո), Տավուշի մարզի Պառավաքար և Վարագավան գյուղերի համար հողեր վարելու տրակտորի գնում (շուրջ 17 000 եվրո), Լոռու մարզի Ջրաշեն գյուղի փողոցային լուսավորության համակարգի ներդրում (ավելի քան 12 000 եվրո), Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղի բժշկական կետի վերանորոգում (շուրջ 10 000 եվրո), Կոտայքի մարզի Բջնի գյուղի մանկապարտեզում կենտրոնական ջեռուցման համակարգի ներդրում (12 000 եվրո):

2018 թվականին ևս Լեհաստանի դեսպանությունը իրականացնելու է նոր նախաձեռնություններ Երևանում և Հայաստանի մարզերում: Կարող են դիմել տեղական ՀԿ-ներ, հիմնադրամներ, համայնքապետարաններ, հասարակական հաստատություններ և կաթոլիկ առաքելություններ:

Լուսանկարում՝ Կուրթան գյուղը։ Լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյանի

Մեկնաբանել