Սամանտա Փաուերը միանում է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովին

ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանտա Փաուերը միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին: Դեսպան Փաուերը Ընտրող հանձնաժողովի մյուս անդամների հետ, որոնք հեղինակավոր հումանիտար գործիչներ են, մարդու իրավունքների պաշտպաններ և պետությունների նախկին ղեկավարներ, ընտրելու է 1 միլիոն դոլարի «Ավրորա» ամենամյա մրցանակի դափնեկիրներին:

«Մենք չափազանց ոգևորված ենք՝ ողջունելու դեսպան Փաուերին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովում: Համաշխարհային ասպարեզում իր մեծ փորձառությամբ նա հիանալի գործունեություն է ծավալել՝ աջակցելով զարգացող երկրներին և պաշտպանելով աշխարհում ամենակարիքավոր մարդկանց շահերը», – «Ավրորա»-ի կայքի փոխանցմամբ՝ ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը: «Հաշվի առնելով մարդու իրավունքների ոլորտում նրա բացառիկ փորձը ողջ աշխարհում՝ մենք հպարտ ենք, որ նա ուսումնասիրելու է «Ավրորա» մրցանակի թեկնածությունները և օգնելու է ուրվագծել «Ավրորա» մրցանակի ապագան»:

Դեսպան Սամանտա Փաուերը ծառայել է որպես ՄԱԿ-ում ԱՄՆ 28-րդ մշտական ներկայացուցիչ և Նախագահ Օբամայի վարչակազմի անդամ՝ դառնալով արտաքին քաղաքականության ոլորտում երկրի ամենահայտնի տեսաբաններից մեկը: Մինչև ՄԱԿ-ում աշխատելը նա ծառայել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում՝ որպես նախագահի հատուկ օգնական և Բազմակողմանի հարաբերությունների և մարդու իրավունքների գրասենյակի գլխավոր տնօրեն: Նրա ուշադրության կենտրոնում էին բռնությունների կանխարգելումը, ՄԱԿ-ի բարեփոխումները, ԼԳԲՏ անձանց և կանանց իրավունքները, ինչպես նաև կրոնական ազատությունների պաշտպանությունը: Նա նաև հեղինակել է Պուլիցերյան մրցանակի արժանացած «Խնդիր դժոխքից. Ամերիկան և ցեղասպանության դարաշրջանը» գիրքը: Հաշվի առնելով մարդու իրավունքների և ժողովրդավարության բնագավառում նրա ազդեցիկ գործունեությունը՝ նա բազմիցս ճանաչման է արժանացել` ընդգրկվելով TIME ամսագրի «100 ամենազդեցիկ մարդիկ» և Foreign Policy ամսագրի «Աշխարհի 100 մտածողներ» անվանակարգերում:

««Ավրորա» մրցանակը և դրա դափնեկիրներն ապացուցում են, որ ոչ միայն կարևոր է հիշել անցյալի վայրագությունները, այլև մեզանից յուրաքանչյուրն ունի ներուժ՝ աջակցելու նրանց, ովքեր ներկայում փրկում են մարդկանց կյանքը», – նշել է դեսպան Փաուերը: «Ինձ համար մեծ պատիվ է լինել մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, որը նպատակ ունի մեծարման արժանացնել նրանց, ովքեր, կրելով բազում դժվարություններ, օգնում են այլոց, և ունեն կամք կուտակելու և պահպանելու մարդկային բարությունը նույնիսկ խիստ դժվարին պայմաններում»:

Նա միանում է «Ավրորա» մրցանակի ներկայիս Ընտրող հանձնաժողովին, որի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր և Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը և օսկարակիր դերասան և հումանիտար գործիչ Ջորջ Քլունին:

2018թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները հայտնի կդառնան 2018թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը: Երրորդ ամենամյա մրցանակը կշնորհվի 2018թ. հունիսի 10-ին Հայաստանում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ: Մրցանակի դափնեկրին կշնորհվի 100,000 դոլարի պարգև և հնարավորություն՝ 1 միլիոն դոլարի դրամաշնորհը հատկացնելու իրեն ոգեշնչած կազմակերպություններին:

Մեկնաբանել