Վրաստանի Սահմանադրական դատարանը պաշտպանել է մարիխուանայի օգտագործումը

Վրաստանի Սահմանադրական դատարանը (ՍԴ) վճռել է, որ մարիխուանայի օգտագործման համար քրեական հետապնդումը պետության կողմից «միջամտություն է մարդու անձնական և ազատ զարգացման ոլորտ»։ Դատարանի որոշմամբ՝ յուրաքանչյուր մարդ «հանգստի իր տարբերակն ընտրելու իրավունք ունի»։ Մարիխուանայի օգտագործումը «հանրային վտանգ չի ներկայացնում», ըստ վճռի։

ՍԴ հայց էր ներկայացրել «Գիրչի» կուսակցության կողմից աջակցություն վայելող Գիորգի Շանիձեն։ Հայցվորի պնդմամբ՝ մարիխուանայի օգտագործման համար հետապնդումը խախտում է Սահմանադրության թիվ 16 հոդվածը, որով «յուրաքանչյուր ոք իր անհատականությունը զարգացնելու ազատություն ունի»։

Վրաստանի բարձրագույն դատական ատյանը ընդունել է, որ պատասխանող կողմ հանդիսացող խորհրդարանը «չի կարողացել համոզիչ գիտական փաստարկներ ներկայացնել» ի հիմնավորումն այն բանի, որ մարիխուանայի ազդեցության տակ գտնվող անձը «վտանգ է ներկայացնում հանրային անվտանգության և իրավակարգի տեսանկյունից»։

«Գիրչի»-ի անդամ, փաստաբան Իագո Խվիչիան լրատվամիջոցներին ասել է, որ ՍԴ-ի որոշումը «շատ մեծ ազդեցություն կունենա», հատկապես նրանց համար, ովքեր ազատազրկված են մարիխուանայի օգտագործման համար։

Որոշումը ողջունել է նաև The White Noise Movement ոչ կառավարական կազմակերպությունը, որը թմրամիջոցների հարցում ավելի մեղմ քաղաքականության կոչ է անում։

2010-ից ի վեր Վրաստանում ակտիվ հանրային արշավ է ընթանում, որը պահանջում է ազատականացնել պետության քաղաքականությունը թմրամիջոցների օգտագործման հարցում։ Արշավի արդյունքում 2015թ․ ՍԴ-ն որոշում էր ընդունել, որով 70 գրամից պակաս մարիխուանա ունենալու համար ազատազրկում չի սպառնում։ 2016թ․ ՍԴ-ն որոշել էր, որ ազատազրկում չի սպառնում մարիխուանայի մասնավոր օգտագործման համար։ Այդուհանդերձ, մարիխուանայի աճեցման համար շարունակում է ուժի մեջ մնալ 12 տարվա ազատազրկումը։

Թմրամիջոցների օգտագործման ապաքրեականացման և օրինականացման հակառակորդները համոզված են՝ ՍԴ-ի որոշումն աղետալի հետևանքներ կունենա երկրի համար։ Վրաստանի իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցությունում նշում են, որ ուժի մեջ է մնում մարիխուանայի օգտագործման համար վարչական տուգանքը, շարունակում են խստորեն պատժելի լինել ցանկացած տեսակի թմրամիջոցների վաճառքը, իրացումն ու տարածումը։

Մեկնաբանել