Հեռացնել ծախու լրագրողներին ու վայ-փորձագետներին եթերից․ «Ռուսաստանի հայերի միության» հայտարարությունը

«Ռուսաստանի հայերի միությունը» հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է վերջին շրջանում ռուսական ԶԼՄ-ներում Հայաստանի դեմ ծավալված արշավը։ Միությունը Ռուսաստանի իշխանություններից պահանջում է հեռացնել «ծախու լրագրողներին» եթերից։ Հայտարարությունը՝ թարգմանաբար ստորև։

«Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո ռուսաստանյան որոշ լրատվամիջոցներով տգետ և ծախու լրագրողների ու վայ-քաղաքական գործիչների կողմից անսպասելիորեն ծավալվեց հակահայկական արշավ, որում նրանք փորձել են այդ համաձայնագիրը ներկայացնել որպես Հայաստանի Հանրապետության քաղաքական ուղեգծի փոփոխություն, Ռուսաստանի և ԵՏՄ-ի դաշնակիցների հետ դաշնակցային հարաբերությունների հանդեպ դավաճանություն և առհասարակ որպես հայկական քաղաքական վեկտորի փոփոխություն։

Որոշները հասել են նրան, որ հավասարության նշան են դրել Հայաստանի և Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի ուղեգծերի միջև։ Դժվար է հասկանալ՝ ինչն է այստեղ ավելի շատ՝ տգիտությունը, թե արտաքին ուժերի շահերի ոչ անշահախնդիր սպասարկումը, որոնք ցանկանում են լարվածություն ստեղծել հայ-ռուսական հարաբերություններում, սեպ խրել ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի դաշնակիցների միջև։ Եթե այդ վայ-փորձագետները նեղություն քաշեին և կարդային համաձայնագրի տեքստը, նրանց համար անհայտ կդառնար, որ համաձայնագիրը ընդհանուր ոչինչ չունի այն փաստաթղթերի հետ, որոնք Եվրամիության հետ ստորագրել են Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան։ Այդ համաձայնագիրը ստորագրվել է իր դաշնակիցների առաջ Հայաստանի բոլոր պարտավորությունների երաշխավորված պահպանմամբ, չի ենթադրում Հայաստանի մուտք ԵՄ-ի հետ միասնական տնտեսական տարածք և ոչ մի վտանգ չի ներկայացնում ԵՏՄ-ի մասնակիցների համար։

Բացի այդ, մենք գիտենք, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմը իր դաշնակիցներին տեղյակ է պահել առաջիկա որոշման մասին, չի եղել առարկություն ռուսաստանյան իշխանությունների կողմից, որի մասին է վկայում ՌԴ ԱԳՆ-ի և մյուս մարմինների կողմից հայտարարությունների բացակայությունը։

Չափազանց անպատասխանատու այս լրագրողների ու քաղաքական գործիչների գործողությունները ցասում են հարուցել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի բազմամիլիոնանոց հայկական համայնքում՝ որպես երկու երկրների միջև խնդիր ստեղծելու և ռուսաստանյան հանրության աչքում Հայաստանի բացասական կերպար կերտելու փորձ։

Ակնհայտ է, որ այդ մարդիկ հանդես են եկել հորինված մեղադրանքներով Հայաստանի հասցեին հայ-ռուսական հարաբերությունները բարդացնելու նպատակով, քանի որ Հայաստանը քիչ այն երկրներից է, անգամ ԵՏՄ-ի անդամների թվում, որոնք հետևողականորեն աջակցում են Ռուսաստանին ինչպես Ղրիմի, այնպես ռուսաստանյան արտաքին քաղաքականության բավական զգայուն մյուս հարցերում։

«Ռուսաստանի հայերի միությունը» հայտնում է Ռուսաստանի հայրենակիցների վրդովմունքը, որոնք Ռուսաստանի քաղաքացի են և որոնք չեն հասկանում, թե ինչպես են այդ մարդիկ հարթակ ստացել ռուսաստանյան հեռուստատեսությամբ և այլ լրատվամիջոցներում՝ խեղելով և աղճատելով Ռուսաստանի ամենամոտ դաշնակցի քաղաքականությունը։

Մենք դիմում ենք իշխանական կառույցներին, որոնք, հուսով ենք, որոշակի ազդեցություն ունեն ռուսաստանյան լրատվամիջոցների վրա, և հեռուստաալիքների ու ԶԼՄ-ների ղեկավարներին՝ պահանջելով եթերից հեռացնել այդ ծախու լրագրողներին, վայ- քաղաքական գործիչներին ու մարգինալ «փորձագետներին», որոնց դիրքորոշումը արձագանք չի գտնում ռուսաստանյան հանրության շրջանում, քանի որ դա նախևառաջ վնասում է բուն այդ լրատվամիջոցներին, որոնց միջոցով տարածվում է տգիտություն կամ գիտակցված ապատեղեկատվություն, և այն սեպ է խրում մեր եղբայրական ժողովուրդների ու երկրների միջև»։

Վերջին շաբաթներին ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներում, մասնավորապես, «Զվեզդա» և НТВ հեռուստաալիքներով հեռարձակվել են հակահայկական հաղորդումներ, որոնց ընթացքում մեղադրանքներ և վիրավորական արտահայտություններ են հնչել Հայաստանի հասցեին, անգամ զուգահեռներ են անցկացվել անբարոյական կնոջ հետ, որը դավաճանում է ամուսնուն՝ նկատի ունենալով վերջերս Հայաստանի կողմից ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը։

Մոսկվան «հարգանքով է վերաբերվում» ՀՀ-ԵՄ նոր փաստաթղթի ստորագրմանը

Ինչ են կարծում հայաստանցիները ռուսական ԶԼՄ-ների հակահայկական հայտարարությունների մասին։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել