Ադրբեջանը մերժել է Բաքվում Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը

Ադրբեջանը մերժել է Բաքվում Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը։ Թեմային անդրադարձել է Eurasianet.org կայքի հոդվածագիր Ջոշուա Կուչերան։

Ադրբեջանը մերժել է Բաքվում նոր դեսպանի պաշտոնում Ռուսաստանի թեկնածուին` ավելի բարդացնելով երկու հարևանների միջև բարդ հարաբերությունները։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 27-ին հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպան Վլադիմիր Դորոխինին, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2009-ից: Դորոխինի ենթադրյալ հաջորդ Գիորգի Զուևը առաջադրվել էր հուլիսի վերջին, և ըստ երևույթին՝ առանց հակասությունների:

Սակայն այժմ պարզվում է, որ Բաքուն արգելափակել է Զուևի նշանակումը. անսովոր քայլ, որը «Ռեգնումի» տարածած հաղորդագրության համաձայն, «երկու երկրներին դիվանագիտական սկանդալի եզրին է դնում»:

Անհասկանալի է, թե ինչու է մերժվել ներկայում Ռուսաստանի ԱԳՆ կադրերի բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Զուևի թեկնածությունը։ Ադրբեջանական կառավարամետ Haqqin.az-ը, հղում անելով Ռուսաստանի ԱԳՆ մի ներկայացուցչի, հայտնում է, որ մերժման պատճառը Զուևի «հստակ արտահայտված հայամետ դիրքորոշումն է»։

Սակայն այլ աղբյուրներ ուսումնասիրել են Զուևի անցյալը և չեն գտել որևէ հակահայկական կամ հայամետ գործունեություն։ ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Haqqin-ի պնդումը: «Մեզ զարմացրեց ադրբեջանական մամուլում Ռուսաստանի ԱԳՆ որոշ աղբյուրներին հղումներ տեսնելը,- ասել է ԱԳՆ-ն «Սպուտնիկ Ադրբեջան» գործակալությանը:- Մենք կարող ենք լիովին վստահ ասել, որ Ռուսաստանի ԱԳՆ-ում ոչ ոք այդ թեման չի քննարկել ո՛չ ադրբեջանական, ո՛չ ռուսական մամուլի հետ»:

Ռուսական մեկ այլ աղբյուրի հավաստմամբ, Զուևը նույնիսկ դեսպանի պաշտոնի թեկնածու չէր, չնայած, որ նախկինում հրապարակվել էր այդ մասին: «Որքանով ես գիտեմ, նա դեսպան է լինելու մեկ այլ [հետխորհրդային] երկրում,- հայտարարել է Ռուսաստանի Դումայի Անկախ պետությունների համագործակցության, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։- Ես չեմ ուզում նրա անունը ժամանակից շուտ հայտնել»:

Սակայն ադրբեջանական աղբյուրները կարծես ընդհանուր առմամբ համաձայն են, որ Զուևին խոչընդոտելով՝ Բաքուն փորձում է Մոսկվային ուղերձ հղել, թեև պարզ չէ, թե որն է այդ ուղերձը:

«Ակնհայտ է, որ Բաքվի կողմից որպես հակաադրբեջանական ընկալվող Ռուսաստանի վերջին գործողությունները երկրի ղեկավարությանը ստիպեցին Կրեմլի հանդեպ մեր դժգոհությունը փոխանցելու ձև ընտրել»,- գրում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության մեկնաբան Քամալ Ալին:

Վերջին շրջանում Ադրբեջանը շատ բաներից է դժգոհ, շարունակում է Ալին. «Հրաժարվելով Զուևին ընդունելուց՝ Բաքուն արձագանքել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ինտենսիվ հանդիպումների արդյունքների բացակայությանը, Հայաստանի և Եվրամիության միջև համաձայնագրի կնքման վերաբերյալ Կրեմլի անտարբեր վերաբերմունքին, Մոսկվայի՝ «Զվեզդա» հեռուստաընկերության պատրաստած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կուսակցության ու ֆաշիզմի մասին հաղորդումը «սխալ» ընդունելուն և ռուսական զենքի նոր խմբաքանակի՝ Հայաստան առաքմանը»։

Շատ ադրբեջանցիներ պնդում էին, որ Զուևն առանձնահատուկ մոտ է Լավրովին, որին Բաքվում չեն վստահում իր ենթադրյալ հայանպաստ վարքագծի համար: Վաղուց էր խոսվում, որ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու նոր ծրագիր է մշակել, որը ԼՂ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայում է ենթադրում: Դա կողմերից ոչ ոք չի ուզում, հատկապես Ադրբեջանը, քանի որ դա կխոչընդոտի Ղարաբաղը լիովին վերադարձնելուն:

Դիվանագիտական այս քայլը կարող է հանգեցնել ադրբեջանական ավելի ագրեսիվ գործողություների, ուկրաինացի վերլուծաբան Սերգեյ Կլիմովսկիի խոսքերն է մեջբերել Haqqin-ը։

«Բաքվում հրաժարվել են ընդունել ՌԴ նոր դեսպան Գեորգի Զուևին իր հստակ արտահայտված հայամետ դիրքորոշման պատճառով,- գրել է Կլիմովսկին:- Սա դիվանագիտական հարաբերությունների խզում չէ, այլ ակնհայտորեն հստակ ակնարկ. Բաքուն հոգնել է սպասելուց»:

Դեսպանի նշանակման նման արգելափակումը հազվադեպ է, բայց ոչ աննախադեպ: Հենց այս տարի Վրաստանը հրաժարվեց ընդունել Հայաստանի դեսպանի պաշտոնում առաջադրած թեկնածու Սերգեյ Մինասյանին՝ վախենալով այն հանգամանքից, որ Վրաստանի մեծամասամբ հայաբնակ Սամցխե-Ջավախքի շրջանում ծնված Մինասյանը որոշակի անջատողական նկրտումներ ունի Վրաստանի նկատմամբ։

Դրանից բացի՝ հեռացող դեսպան Դորոխինը դեսպանատան կայքում ողերձ է գրել, ինչն անսովոր քայլ է Բաքվում իր պաշտոնավարման ընթացքում համեմատաբար ոչ հրապարակային իր գործունեության համեմատ։

«Ռուսաստանն ու Ադրբեջանը տարբեր երկրներ են իրենց տարածքով, մտածելակերպով և մշակույթով։ Տարբեր են մեր քաղաքական շահերը, սակայն մենք սովորել ենք միմյանց հետ ընդհանուր լեզու գտնել։ Ես ուզում եմ հավատալ, որ կուտակված փորձը ապագայում կօգտագործվի հօգուտ երկու երկրների և ժողովուրդների շահերի՝ չնայած բոլոր դժվարություններին և նոր մարտահրավերներին»,- գրել է նա:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել