Սաակաշվիլին բերման ենթարկվեց, բայց համախոհների օգնությամբ դուրս եկավ ոստիկանական մեքենայից (լրացված)

Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ, «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին, որն այսօր Կիևում քննչական գործողությունների ընթացքում բերման էր ենթարկվել, համախոհների օգնությամբ դուրս է եկել Ուկրաինայի Անվտանգության ծառայության ավտոմեքենայից։ Օդեսայի նախկին նահանգապետին փորձում էին տանել հարցաքննության։

Սաակաշվիլին, ըստ լրատվամիջոցների, ելույթ է ունեցել, ապա համախոհների ուղեկցությամբ ուղևորվել դեպի Գերագույն ռադա՝ պահանջելու նախագահ Պետրո Պորոշենկոյին իմփիչմենթ հայտարարել։

Բերման ենթարկելուց առաջ Ուկրաինայի հատուկ նշանակության զորքերը Սաակաշվիլիին հանել էին նրա տան տանիքից։

Ֆեյսբուքում ուղիղ հեռարձակման ընթացքում երևում էր, որ քաղաքական գործիչը բարձրացել է տանիք և սպառնում է նետվել ցած։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Սաակաշվիլի կիևյան տանը խուզարկություն է անցկացնում։

Օդեսայի նախկին նահանգապետը Ուկրաինայում գտնվելու իրավունք ունի մինչև դեկտեմբեր։ Ավելի վաղ նա զրկվել էր այդ երկրի քաղաքացիությունից, դիմել էր իշխանություններին քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով, սակայն մերժում էր ստացել։

Մեկնաբանել