Ախալքալաք․ նոր երկաթուղին հայերի կյանքը չի փոխել

«Վրաստան. Նորաբաց Եվրոպա-Ասիա երկաթուղին տնտեսական օգուտ դեռ չի բերում» վերնագրված հոդվածում Eurasianet.org-ի հոդվածագիր Բրեդլի Ժարդինը գրում է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը չի փոխել Ախալքալաքի հայերի կյանքը։

Վրացական ոչ աշխույժ Ախալքալաք քաղաքի ծայրամասում՝ ամայի ֆոնին, կանգնած է սպիտակ մի նորակառույց: Ակնկալվում է, որ Վրաստան-Թուրքիա սահմանի մոտ հայտնի ճարտարապետ Յուրգեն Մայերի նախագծած այս երկաթուղային կայարանը ծառայելու է որպես կարևոր հանգույց Չինաստանի գլոբալ՝ 1 տրլն դոլար ենթակառուցվածքի զարգացման ծրագրիի համար, որ կոչվում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»։

Կայանը բացվեց նոյեմբերին` որպես Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի առանցքային հանգույց, որը պետք է Կովկասին կարևոր դեր հաղորդի Եվրոպայի և Ասիայի միջև առևտրում:

Բայց այն հենց սկզբից բախվեց դժվարությունների։ Ղազախստանից նոյեմբերի 1-ին ակնկալվող առաջին բեռնափոխադրումը հետաձգվել էր, քանի որ կայարանը չունի լուսավորություն, և գնացքները չեն կարողանում մոտենալ: Այսօր շենքը ամայի է, իսկ երկաթուղին հեռու է ավարտից։

«Այն պաշտոնապես բացվել է, բայց պատրաստ չի լինի մինչև 2018-ը,- ասել է JNews տեղական լրատվամիջոցի տնօրեն Ռիմա Ղարիբյանը։- Այս պահին դա պարզապես շոուի համար է»:

Ախալքալաքի երկաթուղային կայանում է գտնվում ողջ նախագծի համար կենտրոնական մի մեխանիզմ՝ երկաթգծերի լայնքի փոխարկիչը, որը թույլ է տալիս Թուրքիայի ավելի նեղ եվրոպական երկաթգծերը կապել ավելի լայն խորհրդային ժամանակաշրջանի երկաթգծերի հետ, որոնք դեռ առկա են Վրաստանում և Ադրբեջանում։

Վրաստանի իշխանությունները հույս ունեն, որ ԲԹԿ-ն աշխատատեղեր և անվտանգություն կապահովի մեկուսացված Ախալքալաքի՝ մեծաքանակ էթնիկ հայ բնակչություն ունեցող տարածաշրջանի համար, որին Թբիլիսիի իշխանությունները երկար ժամանակ կասկածում են անջատողական նկրտումների համար։

Սակայն Ախալքալաքի բնակիչները դժգոհում են, որ կայարանի բացումից դեռ որևէ օգուտ չեն տեսել: Նախագիծը վերահսկող թուրքական և ադրբեջանական ընկերությունները բերել են իրենց աշխատողներին: Շինհրապարակի լինգվա-ֆրանկան թուրքերենն է, աշխատողների գրասենյակները զարդարված են թուրքական և ադրբեջանական դրոշներով:

«Քաղաքում տրամադրությունն այն է, որ այս ծրագիրը մեզ համար չէ,- ասում է Ղարիբյանը:- Ավելի քան 1000 մարդ կարող է աշխատել այնտեղ, բայց իրականում մեզնից ոչ ոք չի աշխատում»։

«Տեսեք՝ ինչ վատ է որակը», – ասում է Ռուսաստանի Խաբարովսկում շինարար աշխատած տեղացի տաքսու վարորդ Արմենը, որն իր սմարթֆոնով մեծացնելով կայանը՝ փորձում է ուսումնասիրել դրա շինարարական միացումները։ «Այստեղ շատ տեղական տաղանդ կա, բայց նրանք [թուրքերն ու ադրբեջանցիները] մեզնով չեն հետաքրքրում, նրանք մեզ [հայերին] չեն վստահում»:

Տեղացիները դժգոհում են նաև, որ չկա համայնքը կայանի գործունեության մեջ ներգրավելու երկարաժամկետ պլանավորում, քաղաքում չկան ուսումնական ծրագրեր կամ դասընթացներ տեղացիների համար՝ ապագայում կայանի շահագործման համար մասնագիտացած աշխատուժ ստեղծելու համար: «Սեպտեմբերին ըստ երևույթին բացվել է երկաթուղային ինժեներիայի մի փոքր քոլեջ,- ասում է Ղարիբյանը:- Բայց պարզ չէ, թե արդյոք դա իրականում ճիշտ է: Երբ հարցրինք, թե արդյոք տեղացիներին կտեղեկացնե՞ն դասընթացների մասին, նրանք ուղղակի ասացին՝ ոչ»։

«Ես միայն գիտեմ երկու անձանց, որոնք Թբիլիսիում զբաղվում են նախագծի հետ կապված ուսումնասիրություններով, և երկուսն էլ վրացիներ են Ախալքալաքից»,- ավելացրեց նա:

Քաղաքի դատարկ փողոցներով շրջելիս աչք է զարնում, թե որքան քիչ տնտեսական աշխուժություն կա այստեղ: Տարբերությունն ակնհայտ է հարևան Ախալցխայի համեմատ, որտեղ նկատվում է աշխույժ զբոսաշրջային հոսք` դեպի նոր վերանորոգված Ռաբաթի ամրոցի համալիր:

Հետխորհրդային շրջանը հատկապես դժվար էր Ախալքալաքի համար: Առաջին խոշոր հետընթացը եկավ 2007թ., երբ փակվեց ռուսական ռազմակայանը: Իր գագաթնակետին այնտեղ աշխատում էր քաղաքի բնակչության ավելի քան 15 տոկոսը: Այն նաև համեմատաբար լավ էր վճարում իր աշխատողներին՝ ամսական մոտ 200-300 դոլար աշխատավարձ, ինչը զգալիորեն ավելի էր, քան տեղական այլ գործատուների առաջարկած աշխատավարձը:

Ռուսական ռազմաբազայից հետո աշխատակիցների մեծ մասը մնաց գործազուրկ, և տեղացիներից շատերը մեկնում են Ռուսաստան` սեզոնային աշխատանքի, նրանց ուղարկած գումարներն էլ կարևոր դեր են խաղում քաղաքի տնտեսական կյանքում:

«Ռուսաստանում ապրելը լավ է, բայց Ախալքալաքում մնալը դժվար է,- ասում է տաքսու վարորդ և շինարար Արմենը:- Այստեղ աշխատատեղեր չկան, և մենք չենք կարող նույնիսկ մեր առողջության հետ կապված ծախսերը հոգալ»։

«Մարդիկ ամեն տարի ութ կամ ինը ամիս լինում են Ռուսաստանում,- ասում է Ղարիբյանը:- Նրանք վերադառնում են ձմռանը՝ երեք ամսով, տոները նշելու իրենց ընտանիքների հետ, հետո կրկին մեկնում Ռուսաստան»։

Քաղաքի ընտանիքների մոտ կեսը արտասահմանում աշխատող ընտանիքի անդամ ունի: Սակայն վերջին տարիներին Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներով և նավթի գների անկմամբ պայմանավորված տնտեսական խնդիրների պատճառով դրամական փոխանցումների արժեքը զգալի անկում է ապրել՝ շատ ընտանիքների առավել խոցելի դարձնելով:

«Կանայք հավասարակշռում են կենցաղային աշխատանքն ու միաժամանակ զբաղվում ֆերմերային տնտեսությամբ, և դա վնասում է մեր առողջությանը,- ասում է JNews-ի նախկին թղթակից Քրիստինա Մարաբյանը:- Բայց սոված նստելն ավելի վատ է, ուստի ի՞նչ կարող ենք անել»:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Կարդացեք նաև՝ «Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծում Ախալքալաքի դերը շատ կարևոր է»։

Մեկնաբանել