Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Հետախուզում է հայտարարվել Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ․ Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը ոստիկանություն է փոխանցել համապատասխան որոշումը։ Միխեիլ Սաակաշվիլին կասկածվում է հանցագործություններ կատարելու մեջ՝ «սպանության փորձի» և «հանցագործություն մարդկանց խմբի կողմից, կանխամտածված կերպով իրականացված հանցագործություն մարդկանց խմբի կամ հանցավոր կազմակերպության կողմից» հոդվածներով։

Դեկտեմբերի 5-ի առավոտյան Սաակաշվիլիի կիևյան տանը իրավապահները խուզարկություններ էին սկսել։ Սաակաշվիլին բարձրացել է տանիք և սպառնացել ցած նետվել։ Ուժայինները նրան իջեցրել են տանիքից և բերման ենթարկել, սակայն համախոհների օգնությամբ քաղաքական գործիչը կարողացել է դուրս գալ ոստիկանական մեքենայից․ իրավապահների և ցուցարարների միջև բախումներ են սկսվել, Սաակաշվիլիի աջակիցները կոտրել են միկրոավտոբուսի դռները և ազատ արձակել նրան։

Օդեսայի նախկին նահանգապետը իր կողմնակիցների հետ Գերագույն ռադայի մոտ վրանային ճամբար է կազմակերպել։ Դեկտեմբերի 6-ի առավոտյան իրավապահները փորձել են պաշարել ճամբարը, սակայն Սաակաշվիլիին այնտեղ չեն գտել։

Գործիչը Ֆեյսբուքում արած գրառման մեջ գրել է, որ իրավապահները ցանկացել են իրեն հանել ճամբարից, սակայն շփոթել են վրաններն ու հարձակվել հարևան վրանի վրա, դաժան ծեծի ենթարկել ակտիվիստներին։

Այս պահին Սաակաշվիլին Կիևում մամուլի ասուլիս է տալիս, որն ուղիղ հեռարձակվում է նրա էջում։

Մեկնաբանել