Կհանձնի՞ արդյոք Անկարան Ղարաբաղ այցելած իր քաղաքացիներին Ադրբեջանին

Սեպտեմբերին թուրք գործիչներ քաղաքագետ Ուֆուկ Ուրասը, գրող Սաիթ Չեթինօղլուն և լրագրողներ Ալի Բայրամօղլուն ու Էրոլ Քաթիրջըօղլուն այցելել էին Լեռնային Ղարաբաղ։ Այժմ Թուրքիայում նրանց հարցաքննում են Ադրբեջանի պհանաջով։ Eurasianet.org կայքում Այլա Յեքլին (Ayla Yackley) անդրադառնում է այս խնդրին՝ հարցադրում անելով, թե արդյոք Անկարան Ղարաբաղ այցելած իր քաղաքացիներին կհանձնի Ադրբեջանին, թե ոչ։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան քրեական հետաքննություն է սկսել չորս հայտնի մտավորականների նկատմամբ այն բանից հետո, երբ նրանք այցելել են Լեռնային Ղարաբաղ: Սա հարց է առաջացնում՝ արդյոք Անկարան կբավարարի՞ Թուրքիայի քաղաքացիներին արտահանձնելու Ադրբեջանի պահանջները:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նոյեմբերի 30-ին Բաքվում հանդիպելուց հետո Չավուշօղլուն հայտարարել էր, որ քաղաքագետ Ուֆուկ Ուրասը, գրող Սաիթ Չեթինօղլուն և լրագրողներ Ալի Բայրամօղլուն ու Էրոլ Քաթիրջըօղլուն մեղադրվում են առանց ադրբեջանական թույլտվության Ղարաբաղ անօրինական մուտք գործելու մեջ:

Սակայն ընդդիմադիր կուսակցական, խորհրդարանի նախկին պատգամավոր Ուրասը հայտարարել է, որ տեղյակ չէ թուրքական հետաքննության մասին, և որ ինքը և մյուսները հոկտեմբերին հրավիրվել էին Ստամբուլի դատախազություն՝ վկայություն տալու Ադրբեջանի իշխանությունների խնդրանքով: Ըստ նրա՝ Չավուշօղլուն, հավանաբար, հիշատակել է այդ հարցը:

Սեպտեմբերին խումբն այցելել էր միջազգայնորեն Ադրբեջանի կազմում, բայց 1994 թ. պատերազմից հետո հայկական վերահսկողության տակ գտնվող Ղարաբաղ, որպեսզի ուշադրություն հրավիրի տարածաշրջանային կայունությանը սպառնացող այս հակամարտության վրա։ Այս մասին EurasiaNet-ին հայտնել է Ուրասը: Նրանք նաև այցելել էին 1992թ. ադրբեջանցիների կոտորածի վայր՝ Խոջալու՝ դատապարտելու սպանությունները։

«Մենք գնացինք՝ ավելի լավ հասկանալու իրավիճակը և աջակցելու խնդրի շուրջ դիվանագիտությանը, որպեսզի այն քննարկվի կլոր սեղանի շուրջ և խաղաղ կարգավորվի,- ասել է նա:- Այս հարցի շուրջ տաբուի ստեղծումը հարցը չի դարձնում ոչ քննարկելի»:

Չավուշօղլուն Բաքվում լրագրողներին ասել է, որ Ուրասի և մյուսների հետաքննությունը պետք է որպես նախազգուշացում ծառայի նրանց, ովքեր մտածում են Ղարաբաղ այցելելու մասին: Բաքուն պարբերաբար սև ցուցակում է ավելացնում այն օտարերկրացիներին, այդ թվում՝ սեպտեմբերին երեք ամերիկացի օրենսդիրների, ովքեր այցելել են լեռնային անկլավ՝ առանց Բաքվի պաշտոնական թույլտվության ։

Արտաքին գործերի նախարարը չի նշել, թե արդյոք Թուրքիան կքննարկի իր քաղաքացիների՝ ադրբեջանական կողմին հանձնելու անսովոր պահանջը. վերջինս Ինտերպոլի միջոցով ձերբակալության պահանջ է արձակել։

Թուրքիայի արտգործնախարարությունը սեպտեմբերին շրջանցել էր արտահանձնման խնդրանքը, ասելով, որ ինքն աջակցում է Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության հարցում:

Չավուշօղլուն ասել է, որ այդ մարդիկ դիմել են իրեն՝ նշելով, որ տեղյակ չեն եղել իրենց այցի անօրինական լինելու մասին, սակայն ինքը նրանց չիմացությունը որպես արդարացում չի համարում։ «Նրանք, ի վերջո, տարրական դպրոցականներ չեն։ Թող դա դաս լինի նրանց: Այսուհետ առանց թույլտվության ոչ ոք չպետք է գնա Ղարաբաղ, որը ադրբեջանական տարածք է: Ո՛չ մենք, ո՛չ էլ Ադրբեջանը, չենք կարող դա ընդունել»,- ասել է նա։

Ուրասը նշել է, որ Ինտերպոլով իրենց հետախուզումը սահմանափակել է իրենց միջազգային ճանապարհորդությունը:

«Մեր կառավարությունը պետք է պաշտպանի իր քաղաքացիներին: Սխալ է, որ նման եզրաբանություն է շրջանառվում մամուլում՝ մեզ անվանելով տարրական դպրոցականներ: Դե, երեխայի միամտությամբ, մենք աջակցում ենք այս հարցը խաղաղ ճանապարհով, երկխոսության միջոցով լուծելուն», – ասել է Ուրասը:

Թուրքիան Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ է պահպանում, որի հետ ունի լեզվական և էթնիկ կապեր և որից կախված է նավթի և գազի ներմուծման համար:

«Ես կարծում եմ, որ սա Չավուշօղլուին ներկայացվել է Բաքու նրա այցի ընթացքում: Սակայն թուրք-ադրբեջանական հարաբերությունները շատ դրական են և մենք սատարում ենք այն: Եթե արգելքը վերացվի, մենք ուզում ենք գնալ Ադրբեջան` մեր նկատառումները կիսելու համար», – ասել է Ուրասը:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Հ․Գ․

2017թ․ փետրվարին Ալի Բայրամօղլուն այցելել էր Երևան։ Նա հարցազրույց էր ունեցել ՍիվիլՆեթի հետ

Մեկնաբանել