Վիեննայում կայացել է Նալբանդյանի և Մինսկի խմբի միջնորդների հանդիպումը

Դեկտեմբերի 6-ին աշխատանքային այցելությամբ Վիեննա ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ)։ Հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

Զրուցակիցները քննարկել են ԼՂ կարգավորման վերաբերյալ Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում տեղի ունեցած գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։

Հանդիպմանը շարունակվել է մտքերի փոխանակումը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ։

Վիեննայում նախատեսված է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։

Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում մասնակցում է ԵԱՀԿ նախարարական համաժողովին։

Մեկնաբանել