Թուրք-հունական փոխհրաձգություն Աթենքում

Այսօր մեկնարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երկօրյա պաշտոնական այցը Հունաստան՝ Թուրքիայի նախագահի առաջին այցն այս երկիր վերջին 65 տարում։ Այցի առաջին օրը թուրք և հույն նախագահների միջև լարվածություն է առաջացել։ Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը բացառել է Հունաստանի և Թուրքիայի միջև սահմանները ամրագրող միջազգային պայմանագրի վերանայումը՝ հակադարձելով Էրդողանին։ Վերջինս իր հերթին ասել է, որ Հունաստանը չէր միանա ՆԱՏՕ-ին առանց Թուրքիայի աջակցության։

«Լոզանի պայմանագիրը սահմանում է Հունաստանի ու Եվրամիության տարածքն ու ինքնիշխանությունը, և այն մեզ համար բանակցությունների ենթակա չէ։ Այն չունի թերություններ, վերանայման կամ արդիականացման կարիք»,- ekathimerini.com կայքը մեջբերում է Պավլոպուլոսին։

Ավելի վաղ հունական լրատվամիջոցներին տված հարցազրույցներում Էրդողանը հայտարարել էր, որ 1923թ․ Լոզանի պայմանագիրը, որը սահմանել է արդի Թուրքիայի սահմանները, պետք է վերանայվի։ Պավլոպուլոսի հետ հանդիպմանը Էրդողանն ասել է, որ պայմանագրում կան որոշ ոչ հստակ պահեր։ Էրդողանի խոսքով՝ Արևմտյան Թրակիայի մուսուլմանները սեփական գերագույն մուֆթիին ընտրելու հնարավորություն չունեն, մինչդեռ Թուրքիայի քրիստոնյա համայնքները իրենց պատրիարքներին ընտրելու իրավունք ունեն։ Այսպիսով, ըստ Էրդողանի, Լոզանի դրույթները արդարացիորեն չեն կատարվում։

Թուրքիայի նախագահը հույն պաշտոնակցին նաև հիշեցրել է, որ Հունաստանը չէր միանա ՆԱՏՕ-ին առանց Թուրքիայի աջակցության։

Մեկնաբանել