Մեղրիի ազատ տնտեսական գոտում ակնկալվում են 130-150 մլն դոլարի ներդրումներ․ Կարայան

Մեղիի ազատ տնտեսական գոտու գործունեության արդյունքում առաջիկա տարիներին նախատեսվում է ներգրավել 50-70 շահագործող կազմակերպություններ, որոնք կիրականացնեն 130-150 մլն դոլարի ներդրումներ, կստեղծվի շուրջ 1500 նոր աշխատատեղ․ երեկ կառավարության նիստին հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։

Գործադիրը դեկտեմբերի 7-ին ընդունել է «ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու համայնքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերությունն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներկայացվող հաշվետվության ձևերը հաստատելու մասին» որոշում:

Սուրեն Կարայանի խոսքով՝ ազատ տնտեսական գոտու նպատակն է օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավումը, երկրի ներդրումային գրավչության բարձրացումը, արտահանման ուղղվածություն ունեցող գործունեության խթանումը, արտահանման ծավալների ավելացումը, նոր աշխատատեղերի ստեղծումն ու կայուն տնտեսական զարգացման խթանումը:

Նախարարը տեղեկացրել է, որ ազատ տնտեսական գոտին կզարգանա երկու փուլով՝ ավարտական փուլում ունենալով 70 հեկտար տարածք:

«Գոտու գործունեության արդյունքում առաջիկա տարիներին նախատեսվում է ներգրավել 50-70 շահագործող կազմակերպություններ, որոնք կիրականացնեն 130-150 մլն դոլարի ներդրումներ, կստեղծվի շուրջ 1500 նոր աշխատատեղ: Արտահանման ծավալները կկազմեն 250 մլն դոլար»,- նշել է Սուրեն Կարայանը:

Կարեն Կարապետյանի հարցին ի պատասխան՝ նախարարը նշել է, որ ԱՏԳ-ի բացումը նախատեսվում է իրականացնել դեկտեմբերի 15-ին:

Հիմնավորման համաձայն, Մեղրի համայնքում ազատ տնտեսական գոտին կլուծի ոչ միայն մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները, այլև կնպաստի ՀՀ արտասահմանյան կապիտալի ներհոսքին, ՀՀ տարածքային զարգացմանը, ԻԻՀ հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, ԵԱՏՄ անդամակցությանը, ԵՄ հետ առկա հարաբերությունների և տարվող բանակցությունների ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը:

Ավելին՝ Իրանական կողմը շահագրգռված է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու շուտափույթ բացմամբ․ Իրանի ԱԳ նախարար։

Մեկնաբանել