ԱԺ-ն ընդունեց 2018թ. բյուջեի նախագիծը

Դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովում քվեարկության արդյունքում 64 կողմ, 35 դեմ ձայներով ընդունվել է գալիք տարվա ֆինանսական գլխավոր փաստաթուղթը՝ «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Այս տարվա սեպտեմբերին կառավարությունը հավանություն էր տվել ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի նախագծին:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել էր, որ հաջորդ տարվա բյուջեն եկամուտների մասով կազմելու է 1 տրլն 307 մլրդ դրամ՝ 2017թվականի 1 տրլն 207 մլրդ-ի փոխարեն, 100 մլրդ-ով ավելի՝ հարկային եկամուտների հաշվին: Բյուջեի ծախսային մասը նախատեսվում է 1 տրլն 464 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ մոտ 157 մլրդ դրամ:

«Հաշվի առնելով կանխատեսումները՝ բարձրացրել ենք աճի ցուցանիշը: 2017-ին ամրագրել ենք 3,2 տոկոս աճ, բայց հաշվի առնելով, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձր է՝ ակնկալում ենք, որ այս տարի տնտեսական աճը կգտնվի 4-4,8 տոկոսի միջակայքում: Այդ հենքի հիման վրա էլ գործող սպասումները բարձրացրել ենք՝ ակնկալելով 4,3 տոկոս աճ: Մյուս տարվա համար մենք կանխատեսում ենք 4,5 տոկոս տնտեսական աճ»,- նշել էր նախարարը:

Ֆինանսների նախարարն ընդգծել էր, որ 2018-ին բարձրացվել են կապիտալ ու պաշտպանական ծախսերը:

Անդրադառնալով սեկվեստր հայտարարելու մասին մամուլում շրջանառվող լուրերին՝ Վարդան Արամյանը նշել էր նաև, որ ՀՀ կառավարությունը նման հարց չի քննարկում: «Նման բան ընդհանրապես չկա: Մենք ունենք շատ հստակ գաղափարախոսություն, որն ամրագրել էին 2017-ի բյուջեի նախագծում և նույն վարքագիծը շարունակելու ենք 2018-ին: Ի դեպ, միջազգային կառույցները, այդ թվում՝ վարկանիշավորող կազմակերպություններն աճող պարտքի ֆոնի վրա պահպանել են մեր ռեյտինգը և բարձր են գնահատել 2017-ի բյուջետային քաղաքականությունը ու նաև՝ հուլիսին հաստատված միջնաժամկետ ծախսերի ծրագրերը»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարարը՝ հավելելով, որ կառավարությունը գործընկերների միջոցով հիմնականում կարողացել է ընթացիկ ծասխերի աճի մասով դրսևորել պահպանողական վարքագիծ:

Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում բացատրում է, թե ինչպես է ստացվել, որ այս տարվա առաջին կիսամյակում տնտեսական աճին զուգընթաց՝ աճել է նաև գործազրկությունը։ Նա խոսում է նաև տնտեսության աճի արդյունքում քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման մասին։

2018թ․ բյուջե

Եկամուտները՝ 1,307 մլրդ դրամ, ծախսերը՝ 1,464 մլրդ դրամ, պակասուրդը՝ 157 մլրդ դրամ

Բյուջեից հատկացումները

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ՝ 275 մլրդ դրամ կամ բյուջեի ծախսերի 18,8%-ը

Պաշտպանություն՝ 247 մլրդ դրամ կամ բյուջեի ծախսերի 16,9%-ը

Հասակարական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն՝ 102 մլրդ դրամ կամ բյուջեի ծախսերի 7,0%-ը

Առողջապահություն՝ 80 մլրդ դրամ կամ բյուջեի ծախսերի 5,5%-ը

Կրթություն՝ 127 մլրդ դրամ կամ բյուջեի ծախսերի 8,7%-ը

Սոցիալական պաշտպանություն՝ 409 մլրդ դրամ կամ բյուջեի ծախսերի 27,9%-ը

2018թ․ 396 մլն դոլարով կաճի պետպարտքը և կկազմի 7,2 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 59,0%-ը

Պետպարտքի 81%-ը բաժին կընկնի արտաքին պարտքին

Կարդացեք նաև՝ Բյուջե 2018․ որ ոլորտին ինչքան է հատկացվում:

Մեկնաբանել