Թրամփի երրորդ հարվածը մերձավորարևելյան խաղաղությանը

Project-syndicate.org կայքում հոդվածագիր Դաուդ Քութթաբը գրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման մասին, որը բողոքի ալիք է առաջացրել աշխարհում։ Ըստ Քութթաբի՝ ուղերձը հստակ է՝ Թրամփի վարչակազմը վճռական է տրամադրված՝ երկու կողմերի միջև արդարացի հանգուցալուծում միջնորդելու փոխարեն պաղեստինցիներին թելադրել խաղաղության իսրայելյան տարբերակը:

Երեք շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգների կառավարությունը երեք հարված հասցրեց պաղեստինցի ժողովրդին: Նախ, նոյեմբերի 17-ին Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարեց Վաշինգտոնում Պաղեստինի ազատագրության կազմակերպության դիվանագիտական գրասենյակի փակման իր որոշման մասին: Այնուհետև, դեկտեմբերի 5-ին, ԱՄՆ Կոնգրեսը միաձայն կողմ քվեարկեց Թեյլոր Ֆորս ակտի ընդունմանը, որը 2018- 2024 թթ. կարգելափակի պաղեստինյան իշխանությանը ցուցաբերվող օգնությունը, եթե այն չդադարեցնի աշխատավարձեր և նպաստներ վճարել պաղեստինյան զոհված կամ դատապարտված զինյալների ընտանիքներին: Սակայն խաղաղության ջանքերին ամենակործանարար հարվածը եղավ հաջորդ օրը։

Անտեսելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի և Անվտանգության խորհրդի բանաձևերը՝ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչելու է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք: Ուղերձը հստակ է՝ Թրամփի վարչակազմը վճռական է տրամադրված՝ երկու կողմերի միջև արդարացի հանգուցալուծում միջնորդելու փոխարեն պաղեստինցիներին թելադրելու խաղաղության իսրայելյան տարբերակը:

Իհարկե, Թրամփի վարչակազմը դա այլ կերպ է ներկայացնում։ Ինչպես գրել էր «Նյու Յորք Թայմզը» Թրամփի հայտարարությունից անմիջապես առաջ, Թրամփի վարչակազմը հավատում է, որ Իսրայելում ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ կարող է իրականում արագացնել խաղաղության հասնելու գործընթացը, «ամերիկյան դիրքորոշումից հեռացնելով անորոշության աղբյուրներից մեկը»: Ինչպես նրանք են նշում, դեսպանատան հարցը առաջ է գալիս յուրաքանչյուր վեց ամիսը մեկ, երբ նախագահը պետք է նոր արտոնագիր տա Թել Ավիվում դեսպանատունը պահելու համար, ինչը նրանց տեսանկյունից բազմիցս քաղաքական լարվածություն է հարուցել:

Թրամփն իր ելույթում վերահաստատեց այս փաստարկը: Երուսաղեմը պաշտոնապես որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը, նրա պնդմամբ, «երկար սպասված քայլ է խաղաղության գործընթացի առաջխաղացման և տևական համաձայնության հասնելու համար»:

Սակայն, այդ նույն ելույթում Թրամփը չկարողացավ թաքցնել իր նախապատվությունը Իսրայելին. «Իսրայելը ինքնիշխան պետություն է, և ինչպես մյուս ինքնիշխան պետությունները, իրավունք ունի որոշելու իր սեփական մայրաքաղաքը»: Չնայած իր բոլոր ջանքերին, Պաղեստինը, իհարկե, որպես ինքնիշխան պետություն չի ճանաչվել ԱՄՆ-ի կողմից: Այսպիսով, երկու կողմերի միջև արդարացի խաղաղ կարգավորման ձգտումից հեռու Թրամփը հայտարարեց Իսրայելի հաղթանակի մասին և պաղեստինցիներին հրահանգեց ընդունել պարտությունը:

Այնուամենայնիվ, պաղեստինցիները նախկինում ցույց են տվել, որ ի վիճակի են դիմադրել։ Դեռ անցյալ ամռանը, երբ իսրայելական կառավարությունը միակողմանի որոշում կայացրեց Ալ Աքսա մզկիթի մուտքերում մետաղյա դետեկտորներ տեղադրելու մասին, պաղեստինցիները երկու շաբաթ ցույցեր անցկացրին մզկիթից դուրս՝ Իսրայելին ստիպելով վերանայել որոշումը:

ԱՄՆ դեսպանատան Երուսաղեմ տեղափոխումը շատ ավելի հզոր խորհրդանշական քայլ է, ինչը կարող է բողոքի ավելի մեծ ալիք առաջացնել ոչ միայն Արևելյան Երուսաղեմում բնակվող 300 000 պաղեստինցիների կամ նույնիսկ աշխարհով սփռված ավելի քան 12 միլիոն պաղեստինցիների կողմից։

Թրամփը կարող է կարծել, որ Սաուդյան Արաբիայի հետ իր ներկայիս մեղրամիսը թույլ կտա խուսափել արաբ առաջնորդների պատասխան արձագանքից: Սակայն սաուդյան թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանն իր երկրի ներսում իրականացվող բարեփոխումների հարցում արդեն իսկ մեծ ընդդիմություն ունի, որպեսզի իրեն թույլ տա բացեիբաց Իսրայելի կողմը բռնել, այն էլ այնպիսի զգացմունքային հարցում, ինչպիսին Երուսաղեմն է։

Փաստն այն է, որ իսլամական և արաբական աշխարհի առաջնորդները թույլ չեն տա, որ Թրամփը Երուսաղեմը միաձայն հանձնի Իսրայելին՝ ԱՄՆ քրիստոնյա սիոնիստ ավետարանականների (Christian Zionist evangelicals) փոքր զանգվածին գոհացնելու համար (ընդ որում, Թրամփը ստացել է ընդամենը ամերիկյան հրեաների մեկ քառորդի աջակցությունը): Եվ իրոք, Ֆաթհի [Արևմտյան ափում իշխող պաղեստինյան կուսակցության] կենտրոնական կոմիտեի անդամ Մոհամադ Շտայեն արդեն իսկ խոստացել է, որ պաղեստինյան ղեկավարությունը, Հորդանանի և արաբական այլ երկրների հետ համաձայնությամբ, կընդդիմանա Թրամփի այդ որոշմանը:

Սակայն խաղաղության արդար հանգուցալուծում պահանջում են ոչ միայն արաբները կամ մուսուլմանները։ Այս դիրքորոշման կողմնակից են անհամար մարդիկ աշխարհով մեկ, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները։ Սա ճիշտ է նույնիսկ ԱՄՆ-ում: Arab American Institute-ի հրապարակած հարցման համաձայն՝ ամերիկացիների ընդամենը 20 տոկոսն է կողմ (այդ թվում ամերիկաբնակ արաբները և ամերիկյան հրեաները), որ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխվի Երուսաղեմ:

Պաղեստինցիները կոչ են անում գնալ «երկպետության» լուծման ուղիով՝ Արևելյան Երուսաղեմը ճանաչելով պաղեստինյան պետության մայրաքաղաք, իսկ Արևմտյան Երուսաղեմը` Իսրայելի: Իսրայելցիները, ընդհակառակը, հետևողականորեն խափանել են երկպետության տարբերակը և ամբողջ Երուսաղեմն են ուզում։ Մի խոսքով, պետք է փոխվի նախ Իսրայելի կառավարության և Թրամփի վարչակազմի դիրքորոշումը, որպեսզի Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը երբևէ լուծում ստանա:

Ցանկացած կենսունակ խաղաղության համաձայնագիր պետք է կարողանա դիմանալ ժամանակի փորձությանը: Եվ դա նշանակում է, որ այն պետք է լինի անաչառ և արդար, այլ ոչ թե մեկ կողմին թողնի զայրացած ու դժգոհ, հատկապես եթե խոսքը ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց մասին է: Խնդրի լուծման պարտադրված տարբերակը խաղաղություն բերելու փոխարեն կմեծացնի ավելի մեծ բռնությունների հավանականությունը։

Հեղինակի մասին

Դաուդ Քութթաբը Փրինսթոնի համալսարանի նախկին պրոֆեսոր է և Ռամալլայում Ալ Քուդս համալսարանի ժամանակակից լրատվամիջոցների ինստիտուտի հիմնադիրը։Նա Մերձավոր Արևելքում մեդիա ազատության հայտնի ակտիվիստ է։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել