Տեղյակ էին, բայց չկանխեցին․ Դինքի սպանության գործով ամբաստանյալ

Դեկտեմբերի 4-5-ը տեղի է ունեցել «Ակօս» շաբաթաթերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատավարությունը։ Ամբաստանյալները մեղադրվում են Դինքի սպանությունը նախապատրաստելու կամ այդ մասին իմանալու ու կանխարգելիչ քայլեր չձեռնարկելու, սպանության օրը Ստամբուլում Հրանտի տան ու «Ակօս»-ի խմբագրության առաջ հերթապահելու և այլ մեղադրանքների մեջ։

Տրապիզոնի ժանդարմերիայի նախկին աշխատակիցները նաև մեղադրվում են «Հիզմեթ»-ին՝ Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանն անդամակցելու մեջ։ Դատավարության ընթացքում Տրապիզոնի Ժանդարմերիայի հետախուզության վարչության պետ Մեթին Յըլդըզը հետաքրքիր տեղեկություններ է հայտնել՝ ցույց տալով, որ Տրապիզոնի հետախուզությունը իմացել է սպանության մասին, բայց չի կանխել այն։

«2006թ․ գարունն էր։ Տեղեկություն ստացա, որ McDonald’s-ի վրա հարձակում գործած Յասիլ Հայալը թրքականությունն ու թուրքերին վիրավորելու համար ծրագրում է սպանել Ստամբուլում ապրող հայ լրագրող Հրանտ Դինքին և այդ նպատակով համացանցից Դինքի նկարներ է հանել։ Հաջորդ առավոտյան հերթական նիստի ժամանակ այս մասին ասացի ժանդարմերիայի պետ Ալի Օզին։ Հարցրի՝ «հիշու՞մ եք Յասին Հայալին»։ Ասաց՝ «հիշում եմ»։ «Հայալը սպանելու է Ստամբուլում ապրող Հրանտ Դինք անունով հայ լրագրողին։ Թերթի անունը «Ակօս» է»։ Դեռ խոսքս չէի ավարատել, երբ ասաց՝ «լավ, հետո կխոսենք»։ Ժողովի ժամանակ որևէ հրահանգ չտվեց։ Ընդհանրապես նման նյութերը քննարկվում ու դրանց վերաբերյալ հրահանգներ են տրվում հենց առավոտյան ժողովի ժամանակ»։

Ժանդարմերիայի նախկին պաշտոնյան պատմել է նաև, որ հաջորդ օրն էլ մանրամասն ներկայացրել է իր տեղեկությունները Ալի Օզին և հարցրել՝ «շարունակե՞նք հետախուզական աշխատանքները»։

«Հրաման չստացա։ Ասաց՝ Հետո հրաման կտամ»,- պատմել է Յըլդըզը։

Չնայած սպանությունից ամիսներ առաջ Դինքի հասցեին հնչած սպառնալիքներին՝ Դինքի անվտանգությունը չապահովողները որպես գործիք օգտագործեցին Էրհան Թունջելին, Յասին Հայալին և Օգյուն Սամաստին։ Դրա պատճառն, ըստ Մեթին Յըլդըզի, այն է, որ պաշտոնյաները ոչ թե ենթարկվում էին պետության, այլ Ֆեթուլլահ Գյուլենի կառույցի հրամաններին։ Յըլդըզը նաև նշել է, որ ներքին գործերի նախարարության Անվտանգության գլխավոր վարչությունը իրենից շուտ գիտեր Դինքի սպանության ծրագրման մասին։

Դատարանը հարցաքննել է նաև Տրապիզոնի ժանդարեմրիայի պետ, գնդապետ Ալի Օզին։ Նա դատարանում հայտնել է, թե չի հիշում, որ իրեն տեղեկացրել են Դինքի սպանության ծրագրման մասին։

Շուրջ տասը տարի է շարունակվում է Հրանտ Դինքի դատավարությունը։ Այն նոր փուլ մտավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու իսլամական «Հիզմեթ» շարժման առաջնորդ, ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի համակարտության խորացմամբ։ Դինքի ընտանիքի փաստաբանների պնդմամբ՝ իշխանությունները՝ «Արդարություն ու զարգացում» կուսակցությունն ու աջակից ուժերը, ձգտում են սպանության ողջ մեղքը բարդել ֆեթուլլահականնների վրա։

Ազգային համաձայնության սպանություն

ՍիվիլՆեթը եղել է Պոլսում, զրուցել փաստաբանների, լրագրողների և Դինքի ընկերների հետ՝ փորձելով հասկանալ նրա սպանության պատճառները և հետևանքները Թուրքիայի համար։

Մեկնաբանել