Վիեննայում հանդիպել են եվրոպական երկրներում Հայաստանի դեսպանները

Դեկտեմբերի 9-ին Վիեննայում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անցկացրեց եվրոպական երկրներում և Եվրոպայում տեղակայված միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների ամենամյա խորհրդակցությունը։

Հանդիպանն անդրադարձ է արվել Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և դրանից բխող անելիքներին։ Արծարծվել է եվրոպական այլ կառույցների շրջանակներում համագործակցությունը։

Հանգամանալից քննարկում է տեղի ունեցել ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստի արդյունքների շուրջ։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը դեսպաններին ներկայացրել է դեկտեմբերի 6-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի արտգործնախարարի հետ կայացած հանդիպումները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը։

Դեսպանների խորհրդակցությանը անդրադարձ է արվել հաջորդ տարի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, այս առումով դիվանագիտական ներկայացուցչություններից ակնկալվող քայլերին։

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահության համատեքստում քննարկում է տեղի ունեցել կառույցի օրակարգային հարցերի շուրջ։

Հանդիպմանը հատուկ ուշադրության կենտրոնում էին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնությունները։

Մտքեր են փոխանակվել միջազգային կազմակերպություններում Հայաստանի ներգրավածությանն առնչվող հարցերի շուրջ, անդրադարձ է կատարվել խորհրդարանական վեհաժողովների գործունեությանը։

Խորհրդակցությանը կարևորվել են դեսպանընկալ երկրների հետ առևտրատնտեսական փոխգործակցության խորացման, ներդրումների խրախուսման նպատակով իրականացվող քայլերը։ Այս առումով կարևորվել է Հայաստանի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատանքների համադրումը։

Հանդիպման օրակարգում է եղել նաև Սփյուռքի կառույցների հետ աշխատանքը։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդրիների և դրանց լուծման ուղիների վերաբերալ Հայաստանի մոտեցումներին։

Խորհրդակցության մասնակիցները քննարկել են Հայաստանում սահմանադրական փոփոխություններին՝ «Դիվանագիտական ծառայության մասին» և «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքների համապատասխանեցումը։

Մեկնաբանել