ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե մի քանի տարի հետո Հայաստանի ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով կհասնի 10 000 ԱՄՆ դոլարի։ ԱՄՀ-ի գնահատականով՝ 2017թ․ Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կկազմի 3 690 դոլար։ Փաստորեն, ըստ Սերժ Սարգսյանի, մի քանի տարում, երկրի ՀՆԱ-ն պետք է գրեթե եռապատկվի։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 9-ին մասնակցել է տարածքային կառավարման և զարգացման նախարարության և «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպության կողմից Դիլիջանում դեկտեմբերի 8-9-ը անցկացվող տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ամփոփիչ նիստին: Խորհրդաժողովին մասնակցել են մարզպետներ, համայնքապետներ, Կենտրոնական բանկի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ և այլք։
Միջոցառմանտ Սերժ Սարգսյանը ծավալուն ելույթ է ունեցել, խոսել համայնքների խնդիրների մասին։ Ելույթից հատվածներ՝ ստորև։
***
Արդեն հայտարարել եմ, վստահ եմ, որ տեղյակ եք, մինչև 2040 թվականը մեր ժողովրդագրական և տնտեսական զարգացման թիրախները, որոնք կարևոր են նաև մեր երկրի համաչափ զարգացմանն ու ներառական տնտեսական զարգացման առումով: Մի քանի տարի հետո մենք հասնելու ենք 10 հազար դոլարին համարժեք մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի: Դա ենթադրում է նոր որակի ենթակառուցվածքներ և համայնքային ինստիտուտներ, ինչպես նաև ֆինանսավորման այլընտրանքային և նորարարական մոտեցումներ․․․․
Մեկ շնչին ընկնող իմ նշած ցուցանիշին հասնելու համար մեկ աղբյուրից ներդումները լինելու են սահմանափակ: Պետք է ներդնել տարբեր հավաքական ներդրումային սխեմաներ, որոնց համար մենք մշակում ենք միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան օրենսդրական դաշտ: Պետք է ստեղծենք ներդրումային նոր ֆոնդեր, հնարավորություններ ստեղծենք անշարժ գույքի, սոցիալական և կանաչ պարտատոմսերի թողարկման համար:
***
Վարչապետը հանդես է եկել կոչով, որպեսզի համայնքները զարգացման ծրագրեր ներկայացնեն: Շատ ողջունելի և բոլորիս համար անհրաժեշտ առաջարկություն է, բայց ներկայացվեցին ընդհանուր թվով 180 ծրագրեր, որոնցից միայն 108-ը հասան քննարկման փուլ: Դրանցից 58-ն են արժանացել կառավարության հավանության, բայց հետագայում ներկայացնողները հրաժարվել են իրենց իսկ մշակած 44 ծրագրերից: Սա ի՞նչ է նշանակում. նշանակում է, որ կառավարությունը ձեզ հնարավորություն է տվել աշխատելու, օժանդակություն ստանալու, բայց պայմանով, որպեսզի դուք ունենաք ծրագրեր, որպեսզի ձեր համայնքները կարողանան օգտվել ծրագրեր կազմելու և իրականացնելու ձեր ունակություններից: Բայց արդյունքում ի՞նչ դարձավ` այդքան խոսեցինք, այդքան աշխատեցիք և ընդամենը 14 ծրագիր: Համաձայնեք, որ դա առաջին հերթին ձեր մեղքն է և ոչ կառավարության: Պետք է այս հարցերին ուշադրություն դարձնել:
***
Ինչպե՞ս է ստացվում, որ գնում ենք համայնքներ, գյուղեր և տեսնում ենք, որ նույն աշխատուժը ունեցող տարբեր ընտանիքներ տարբեր սոցիալական վիճակ ունեն: Նայում ես՝ օրինակ, այս տանն էլ կա մի տղամարդ, երկու հասուն երեխա, մյուս տանն էլ, այդ համայնքում կարծես հողը գրեթե նույնն է, ոռոգման վիճակը նույնն է, նույն կարկուտն է գալիս, չգիտեմ, նույն չորային եղանակներն են լինում, բայց մեկը ապրում է շատ լավ տան մեջ, իսկ մյուսի վիճակը ուղղակի խղճահարություն է հարուցում: Պետք է մարդկանց կշտամբել նրա համար, որ չեն ուզում աշխատել: Արդեն բավական է, հասկանում եք, պետությունը ի վիճակի չէ բոլորի սոցիալական խնդիրները լուծել: Մարդ եթե ուզում է լավ ապրել` պետք է աշխատի: Եթե առավոտից երեկո նա պատրաստ չէ աշխատելու, ուրեմն միշտ վատ է ապրելու, միշտ նախանձելու է ուրիշին, միշտ բամբասանքներն առաջին տեղն է դնելու և իրեն թվալու է, որ ամբողջ Հայաստանում բոլորը գող են ու միայն ինքը գող չէ, դրա համար վատ է ապրում․․․
***
Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետեր չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, ո՛ր տարբեր խորամանկություններով, տարբեր ձևերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, ո՛ր անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, և չմանրամասնեմ, որովհետև ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ, ուղղակի, ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետև համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, և այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսևորումներ: Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որևէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ ենք, անկեղծ եմ ասում, պատրաստ ենք մեր աչքի լույսի պես ձեզ վերաբերվել, պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմանում օգնելու՝ լինի դա անձնական, թե համայնքային հարց, բայց մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է: