Ինչ նշանակություն կունենա ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ

Ինչպիսի անմիջական և ռազմավարական երկարաժամկետ հետևանքներ կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու մասին։ Թեմային Foreign Policy-ում անդրադարձել է Տեխասի համալսարանի Ուիլյամ Պ. Քլեմենսի պատմության, ռազմավարության և հանրային կառավարման կենտրոնի գործադիր տնօրեն Ուիլ Ինբոդենը:

Խոսելով Մերձավոր Արևելքում Իսրայելի դիրքի մասին՝ Ինբոդենը նշում է «երկու հավասարակշռող ռազմավարական միտումներ»․ «Այն, թե այդ միտումներից ո՞րը կգերիշխի, մեծապես կկերտի Իսրայելի ապագան և իր հերթին Դոնալդ Թրամփի որոշման հետևանքների առաջատար ցուցանիշը կլինի»:

Ինբոդենը գրում է, որ Իսրայելի այժմյան դիրքը տարածաշրջանում պատմության մեջ ամենաուժեղն է․ «Նրա մերձեցումը սուննի արաբական ուժերի հետ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու Արաբական Միացյալ Էմիրությունները, մտնում է սերտ ռազմական, հետախուզական և դիվանագիտական համագործակցության փուլ, որը հիմնականում ուղղված է ընդհանուր թշնամիների դեմ՝ Իրան և ռազմականացված ջիհադիստական խմբեր, ինչպիսին օրինակ «Իսլամական պետությունն» է»:

Ըստ Ինբոդենի՝ Իսրայելը կարծես դիվանագիտական հեղափոխության մեջ է, որի ընթացքում իր նախկին ոխերիմ թշնամիները հիմա հայտնվում են բարեկամների դերում։

Մյուս միտումն ավելի չարագուշակ է. Իսրայելի սահմանների մոտ գոյություն ունեն սուր սպառնալիքներ, որոնք գնալով ուժեղանում են՝ Գազայի հատվածում ճգնաժամը, Սիրիայի և Լիբանանի տարածքներից եկող սպառնալիքները և Պաղեստինյան ղեկավարության հետ քաղաքական անորոշությունը:

«Հաշվի առնելով այս ուղղություններում անկայունությունը՝ Երուսաղեմի շուրջ հայտարարությունների հարցը հմտորեն հաղթահարելու անկարողությունը կարող է բորբոքել արդեն իսկ գոյություն ունեցող հակասությունները», – մեկնաբանում է հեղինակը և հավելում, որ Իրանը նույնպես սպառնում է տարածաշրջանում Իսրայելի անվտանգությանը:

Ինբոդենը նաև նշում է Ռուսաստանի՝ որպես տարածաշրջանում գերիշխող ուժի վերադարձի մասին․ «Դա կարող է լինել թերևս ժամանակին բավականին թերագնահատված ռազմավարական այն տեղաշարժերից մեկը, որը պատմական տեսանկյունից հեռուն գնացող հետևանքներ է ունեցել»:

«Դիվանագիտական վարպետության, ռազմական հզորության և հետախուզության մասշտաբներով Միացյալ Նահանգները շարունակում են մնալ տարածաշրջանում ամենաազդեցիկ արտաքին ուժը, և տարածաշրջանի բոլոր տարածքներում ամերիկյան ներկայությունը գերազանցում է Ռուսաստանի ներկայությանը։ Բայց Մերձավոր Արևելքում սուբյեկտիվ ընկալումը այնքան կարևոր է, որքան նյութական ուժի քանակական ցուցանիշները, իսկ սուբյեկտիվ ընկալման առումով Մոսկվան ավելի ուժեղ է։ Սա Օբամայի վարչակազմի թողած տխուր ժառանգությունն է, և մինչև օրս նշաններ չկան, որ Թրամփի վարչակազմը կփոխի դա»,- գրում է Ինբոդենը։

Զառա Պողոսյան

Մեկնաբանել