Այս տարին բացառիկ կարևորություն ուներ տարածաշրջանում վտանգավոր էսկալացիայից հեռանալու և ղարաբաղյան գործընթացում բանակցային դինամիկայի վերսկսման տեսանկյունից․ այսօր տված մամուլի ասուլիսին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։
«Մենք ողջունել ենք տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախարարների շփումները, որոնք բավական ինտենսիվորեն են աշխատել, ինչը թույլ է տվել նույնքան ինտենսիվորեն աշխատել ԵԱՀԿ նախարարների խորհրդի հարթակում, որտեղ ընդունվել է համանախագահների եռյակի համատեղ հայտարարությունը։
Բոլորին շատ են հուսադրել նախագահների շփումները, որոնք հոկտեմբերի 16-ին Ժնևում պայմանավորվել են խթանել բանակցային գործընթացը և գնալ հակամարտության հանգուցային խնդիրների փոխզիջումային լուծում որոնելու ճանապարհով։ Ակնկալիքներ կան, որ նախարարները ամենամոտ ժամանակներում, հնարավոր է՝ հունվարին կհանդիպեն հերթական անգամ միջնորդների աջակցությամբ։ Մենք այդ միտմանը բացարձակապես սատարում ենք և կարծում ենք, որ համանախագահների եռյակը և գործող նախագահի անձնական ներկայացուցիչը՝ պարոն Կասպշիկը, ամենայն աջակցության են արժանի, և այն առկա է՝ չնայած երկու կողմերի միջև պահպանվող տարաձայնություններին։
Պետք է ասեմ, որ այդ տարաձայնությունները, ցավոք, խանգարել են հասնել նախարարների մի շարք պայմանավորվածությունների ԵԱՀԿ գործունեության մի շարք ասպեկտների շուրջ։ Աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է, և ազգային շահերը ամենից վեր են։
Մենք ցավում ենք, որ նման իրավիճակը դեռ թույլ չի տալիս հասնել լուծումների ավելի լայն համատեքստում:
Այդուհանդերձ, այս տարվա միտումը հուսադրում է։ ԵԱՀԿ-ում ավստրիական նախագահությունը շատ լավ էստաֆետա է փոխանցում իտալացի գործընկերներին։
Ռուսաստանը շարունակում է իր ձեռքում պահել բանակցային գործընթացի վրա ազդելու կարևորագույն գործառույթը»,- ասել է ՌԴ պաշտոնյան։
Դիտել Ալեքսանդր Լուկաշևիչի ասուլիսը 0։32 րոպեից՝ այստեղ։