Ինչի՞ն է իրականում պատրաստ Հայաստանը և որո՞նք են ԼՂ հարցում կարմիր գծերը․ Սերգեյ Մարկեդոնովի անդրադարձը

Ռուս քաղաքագետ, Россия в Глобальной Политике հանդեսի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հոդված է հրապարակել «Անալիկտիկոն» հանդեսի նոյեմբերյան համարում։ [Հոդվածը գրվել է դեկտեմբերի 6-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից առաջ – խմբ․]։

2017 թվականի ավարտին ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցային գործընթացի աշխուժացում է նկատվում։ Հոկտեմբերին Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, իսկ մեկ ամիս անց Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները հանդիպել են երկու կովկասյան պետությունների արտաքին գործերի նախարարներին։ Թեև դիվանագետ-միջնորդների համատեղ հայտարարության համաձայն՝ ժնևյան գագաթնաժողովն անցել է «կառուցողական մթնոլորտում», կարգավոման գործընթացում նշանակալից տեղաշարժեր չեն արձանագրվել։ Ի հայտ չեն եկել նաև «շփման գծում» (ինչպես և Լեռնային Ղարաբաղից դուրս հայ-ադրբեջանական միջպետական սահմանի երկայնքով) միջադեպերի կանխման արդյունավետ մեխանիզմներ ենթադրող նոր ծրագրեր։ Խաղաղ լուծման փուլին մոտակա հեռանկարում հասնելու մասին ՄԽ համանախագահներն այսօր գրեթե չեն խոսում։ Նրանց սպասելիքների առավելագույնը բանակցային գործընթացին կրկին բովանդակություն հաղորդելն է։ Այս համապատկերում մեծ հետաքրքրություն են առաջացրել ժնևյան գագաթաժողովից քիչ անց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ իշխող Հանրապետական կուսակցության քաղաքական դպրոցի նստաշրջանում հնչեցրած այն խոսքերը, թե «ԼՂ հարցում լինելու է ցավոտ լուծում, առանց փոխզիջման լուծում լինել չի կարող»։

Ղարաբաղյան հարցին վերաբերող Հայաստանի ղեկավարի այս արտահայտությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել թե՛ հանրապետությունում և թե՛ նրա սահմաններից դուրս։ Այն նաև տարբեր մեկնաբանությունների է արժանացել։ Ամեն անգամ, երբ խոսվում է պաշտոնական Երևանի հնարավոր զիջումների մասին, աշխուժանում է բանավեճը, թե ինչի՞ն է իրականում պատրաստ Հայաստանի ղեկավարությունը և որո՞նք են նրա նահանջը սահմանափակող «կարմիր գծերը»։

Ընդ որում, Երևանից ակնկալվող բարդ և ցավոտ զիջումների հարցն արդեն բազմիցս քննարկվել է։ Խոսքը ոչ միայն ու ոչ այնքան առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քսան տարի առաջ բարձրաձայնած նախաձեռնությունների մասին է, որոնք ինքնին լավ առիթ են առկա հնարավորությունների պատուհանը քննարկելու համար։ Այն ժամանակվանից ի վեր հիշյալ քաղաքական գործիչը որոշ չափով դարձել է այդ տրամախոսության խորհրդանիշ։ Այդ համատեքստում կարելի է հիշել նախագահ Սերժ Սարգսյանի անցած տարի արած խոստովանությունը, թե 2011թ․ հունիսին՝ Կազանի գագաթաժողովի շեմին, Երևանը փաստորեն համաձայն էր «տարածքներ՝ ինքնորոշման դիմաց» բանաձևին։ Սույն թվականի սեպտեմբերին Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը «Հայաստան-Սփյուռք» 6-րդ խորհրդաժողովի բացման ժամանակ խոսել է ղարաբաղյան կարգավորմանն ընդառաջ հնարավոր փոխզիջումների մասին։ Պարզ է նաև, որ այսպիսի հայտարարություններն ամեն անգամ առաջացնում են նկատելի անհանգստություն։

Ներկայիս համատեքստում իրավիճակին հատուկ սրություն է հաղորդում 2016թ․ ապրիլի ռազմական թեժացումը։ Այսպես կոչված «քառօրյա պատերազմը» արմատականացրել է հայ հասարակությանը՝ նախագահի թիմին ստիպելով մշտապես արդարանալ։ Այդ իրադարձությունները կրկին ողջ ուժով ցույց են տվել, որ հին էթնոքաղաքական հակամարտության լուծման հարցում քաղաքացիական ակտիվիստների դիրքորոշումը կարող է շատ ավելի կոշտ լինել, քան բանակցային գործընթացում ներգրավված պաշտոնյաներինը։ «Հանձնման» ուրվականը, իհարկե, «Սասնա ծռեր» խմբի 2016թ․ հուլիսի գործողության միակ պատճառը չէր։ Բայց անցած տարվա ապրիլյան ռազմագործողությունների և Երևանում ՊՊԾ գնդի շենքի գրավման միջև կապը չափազանց ուժեղ էր։ «Իշխանության դավաճանության» թեման թևածում էր Երևանում տեղի ունեցած դիմակայության ժամանակ։ Եվ այս սյուժեն ամեն անգամ կրկնվում է անդրկովկասյան պետությունների առաջին դեմքերի կամ արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ յուրաքանչյուր նոր բանակցային շրջափուլի շեմին։

Բայց կարելի՞ է, արդյոք, մտածել, որ Հայաստանի իշխանությունները բարդ քաղաքական վերափոխումների շեմին (գալիք տարի Հայաստանը դառնալու է խորհրդարանական հանրապետություն, իսկ Սերժ Սարգսյանը թողնելու է նախագահի պաշտոնը՝ տեղի ունեցող գործընթացների վրա այլ կարգավիճակում ազդելու նպատակով) որոշ զիջումների համար հիմքեր են նախապատրաստում։ Կարելի է մտածել, որ հնչած հարցի դրական պատասխանն իշխող վերնախավի համար կպարունակեր հավելյալ ռիսկեր։ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի պատմությունն ասվածիս վառ ապացույցն է։ Ուստի՝ այն վարկածը, թե պաշտոնական Երևանը կհամարձակվի ադրբեջանական կողմին միակողմանի զիջումների տեսքով հուսահատ քայլ կատարել, առանձնապես համոզիչ չի թվում։ Հայաստանյան քաղաքական օլիմպոսում սպասվող փոփոխությունների համատեքստում Ղարաբաղի հարցում որևէ զիջում (այդ ուղղությամբ կատարվելիք անգամ ամենափոքր քայլերը դիտվելու են անհիմն) թուլացնելու է Հայաստանի ներկայիս նախագահի ազդու ներուժը։

Հազիվ թե Սերժ Սարգսյանի պես փորձառու խաղացողը համաձայնի շրջել խաղատախտակը հանուն առավել քան կասկածելի արդյունքի։ Նրա աչքի առաջ է ոչ միայն նախագահ, այլև ընդդիմադիր Լևոն Տեր-Պետրոսյանի ճակատագիրը, որը խորհրդարանական վերջին ընտրություններում փորձեց խաղարկել Բաքվի հետ փոխզիջման խաղաքարտը և պարտվեց։

Այդ դեպքում ինչո՞ւ են պաշտոնական Երևանի ներկայացուցիչները հայտարարություններ անում տարածքների հնարավոր «հանձնման» մասին՝ հարուցելով բնակչության դժգոհությունն ու անհարկի խլրտումներ։ Այս հարցին պատասխանելն իրականում դժվար չէ։ Պարզապես պետք է հաշվի առնել, որ Սարգսյանին և Նալբանդյանին ունկնդրում և կարդում են ոչ միայն Երևանում, այլև Բաքվում և Մինսկի խմբի համանախագահող երկրների մայրաքաղաքներում։ Ընդ որում՝ խաղաղ կարգավորման համաձայնեցված նախագիծը, որը Ռուսաստանի և Արևմուտքի միջև հետխորհրդային տարածությունում համերաշխության թերևս միակ դրսևորումն է, հիմնված է փոխզիջումներ և զիջումներ նախատեսող «նորացված Մադրիդյան սկզբունքների» վրա։ «Մենք ձգտելու ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը գտնեն այնպիսի լուծում, որը փոխզիջումային և ընդունելի լինի բոլոր կողմերի համար՝ առանց հաղթողների, որպեսզի հաղթող լինեն երկու երկրների ժողովուրդները»,- ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Նորացված Մադրիդյան սկզբունքները» կարելի է ողջունել կամ հիմնավորապես քննադատել, բայց դրանցում ներկայիս ստատուս քվոն անփոփոխ պահպանելու փոքր իսկ նշույլ չկա։

Այլ հարց է, որ տվյալ ստատուս-քվոյի փլուզումը վտանգավոր է։ Համանախագահների միջև չկա փոխհամաձայնություն՝ ստատուս-քվոյի փոփոխության գործնական եղանակի և նպատակահարմարության շուրջ։ Միաժամանակ՝ «հիմնարար սկզբունքներում» չկան հայկական և ադրբեջանական կողմերի առավելապաշտական նշաձողեր։ Դրա համար էլ ներքին լսարանի համար հայ քաղաքական գործիչները կարող են իրար հետ մրցել դիրքորոշումներն առավելագոյն կոշտությամբ արտահայտելու հարցում, բայց համանախագահների հետ երկխոսության ժամանակ նրանք պետք է դրսևորեն փոխզիջումներին ընդառաջ գնալու պատրաստակամություն։ Ինչ խոսք, այս ալգորիթմը կիրառելի է նաև Ադրբեջանի պարագայում։

Ի՞նչ վտանգ էր սպառնում Սարգսյանին ու Նալբանդյանին՝ հնարավոր զիջումների մասին խոսելիս։ Հազիվ թե նրանք հավատան, որ Ադրբեջանն անմիջապես կարձագանքի իրենց առաջարկություններին։ Ադրբեջանի սահմանադրությունը երկրի առանձին վերցված հատվածում հանրաքվե չի նախատեսում, իսկ Լեռնային Ղարաբաղը ճանաչվում է այդ մերձկասպյան հանրապետության անօտարելի մասը։ Դեռ փոքր իսկ նշույլ չկա, որ Բաքուն մտադիր է վերափոխել երկրի Հիմնական օրենքը տարածաշրջայնացման ուղղությամբ (Իլհամ Ալիևի անձնական իշխանության սահմանադրական ամրապնդումը բոլորովին այլ թեմա է։)

Երևանն էլ չի հրաժարվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ պարտադիր հանրաքվե անցկացնելու դիրքորոշումից։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը (իսկ նա իրավամբ դիտվում է ղարաբաղյան կարգավորման ամենագիտակ և փորձառու մասնագետներից մեկը) ասել է․ «Ոչ ոք առանց Լեռնային Ղարաբաղի այդպիսի հարցեր քննարկել չի կարող։ Միջնորդները դա հրաշալիորեն հասկանում են։ Պատահական չէ, որ նրանք միշտ ասում են, որ երբ հասնի բանակցությունների որոշիչ պահը՝ առանց Ղարաբաղի մասնակցության անհնարին կլինի դրանք առաջ տանել»։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որպես կանոն, չափազանց զգուշավոր են։ Բազմամյա հակամարտության կարգավորմանը վերաբերող իրենց հայտարարություններում նրանք ձգտում են բոլոր գործընթացները «հայելային» ներկայացնել՝ աչառու և կողմնակալ լինելու մեղադրանքներից խուսափելու համար։ Այնուամենայնիվ, դիվանագետ-միջնորդների տարածաշրջանային համարյա բոլոր այցերը կատարվում են ոչ միայն Բաքու և Երևան, այլև Ստեփանակերտ, որտեղ համանախագահները հանդիպում և բանակցում են «Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո իշխանությունների» հետ։ Շավարշ Քաչարյանը, «տողերի արանքում» խոսելով Հայաստանի ներքաղաքական դասավորություններում ղարաբաղյան տեսակետը հաշվի առնելու մասին, խոստովանում է, որ կարելի է չճանաչել և չթույլատրել ԼՂՀ մասնակցությունն ընթացող բանակցություններին, բայց վերջինիս ազդեցությունը դրանից առանձնապես չի նվազելու։ Խոսքն այստեղ ոչ թե ինչ-որ գաղտնի կառույցների կամ գերհզոր լոբբիստների, այլ այնպիսի խորհրդանիշների մասին է, որոնք չի կարող անտեսել որևէ հայ քաղաքական գործիչ։

Հնարավոր զիջումների մասին հայտարարությունները միանգամից մի քանի մարտավարական խնդիր են լուծում։ Նախ՝ Երևանը միջնորդների առջև ցուցադրում է փոխզիջումների գնալու պատրաստակամությունը։ Երկրորդ՝ նա ակնկալել է տալիս Բաքվի փոխադարձ քայլեր։ Եթե հայկական կողմը պատրաստ է զիջումների, ապա ադրբեջանականն էլ տեսականորեն պետք է ներկայացնի փոխզիջումների իր տեսլականը։ Իսկ եթե տեղի ունենան նոր անսպասելի սրացումներ, ապա հետո միշտ հնարավոր կլինի հիշել նաև «մեկնված ձեռքի» մասին։ Երրորդ՝ և՛ Սարգսյանը, և՛ Նալբանդյանը հիշեցնում են, որ հակամարտության կարգավորումը ենթադրելու է ցավոտ քայլեր, քանի որ յուրաքանչյուր հակամարտող հասարակությունում կգտնվեն դիմակայությունից դուրս գալու պահին առավելագույնը կորզելու պատրաստ անձինք։

Անխուսափելիորեն հարց է ծագում, թե ինչու է հայկական կողմն այդչափ համառորեն կառչում «հիմնարար սկզբունքներից» և չի ջանում «զրոյացնել» դրանք (Երևանում լրագրողների, բլոգերների և քաղաքացիական ակտիվիստների շրջանում «զրոյացնելը» հիմնավորված քայլ է դիտվում 2016թ․ ապրիլից հետո)։

Քաղաքականությունը հնարավորի արվեստն է։ Ի տարբերություն Աբխազիայի, Հարավային Օսիայի կամ Դոնբասի՝ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող օգտագործել առկա հակամարտությունը՝ որպես Ռուսաստանի և Արևմուտքի «միջնորդական դիմակայություն»։ Ներկայիս բանակցային գործընթացը «զրոյացնելու» ձգտումը մարտահրավեր է դիտվելու ոչ միայն Մոսկվայում, այլև Վաշինգտոնում, ինչպես նաև վերջինիս՝ որպես Մինսկի խմբում ԵՄ յուրօրինակ լիիրավ ներկայացուցիչ միացած Փարիզում։ Այդպիսի որոշումը դժգոհություն է առաջացնելու նաև հարևան Վրաստանում և Իրանում, իսկ Թուրքիան էլ ավելի է խստացնելու Երևանի նկատմամբ առանց այդ էլ կոշտ դիրքորոշումը։

Այսպիսով, «հիմնարար սկզբունքների» կանոններին ենթարկվելը նախասիրություն կամ քմահաճույք չէ, այլ՝ գոյություն ունեցող իրողությունների ճանաչում։

Սերգեյ Մարկեդոնովը Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտերկրյա տարածաշրջանագիտության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ է։

Մեկնաբանել