«ՆԱՏՕ-Հայաստան գործակցությունը չի սահմանափակվում ռազմական ոլորտով»

Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում այսօր ասուլիս է հրավիրվել՝ նվիրված Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին։ Քննարկմանը մասնակցեցին Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուգլիսին, ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանը, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:

«ՆԱՏՕ-Հայաստան գործակցությունը չի սահմանափակվում միայն ռազմական ոլորտով։ Կան մի շարք գործողություններ, որոնք առնչվում են լավ կառավարմանը»,- ասաց Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուգլիսին։

Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը խոսեց Հայաստանի՝ կիսանախագահական կառավարման ձևից խորհրդարանականի անցման մասին և այն «մեծ մարտահրավեր» համարեց շատ կառույցների, հատկապես Ազգային ժողովի և դրա անդամների համար։

Քիսլերը նաև անդրադարձավ ՆԱՏՕ-ի վստահության հիմնադրամի շրջանակում և Գերմանիայի աջակցությամբ պիտանիությունից դուրս եկած 140 միավոր ռազմական տեխնիկայի և 21 զրահապատ մարտական մեքենայի ոչնչացմանը։ Ազգային ժողովում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման մատակարարման կազմակերպության միջև համագործակցության աջակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը խոսեց «Զառ» ուսումնական կենտրոնի մասին, որը, նրա խոսքով, կառուցվել է Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ ներդրումների արդյունքում և նպատակն է ստեղծել խաղաղապահ գործողությունների ուսումնական կենտրոն։

«Մենք հեռահար նպատակ ունենք այս կենտրոնի վերջնական կառուցումից հետո այն սերտիֆիկացնել և դարձնել միջազգային խաղաղապահ ուսումնական կենտրոն»,- ասաց պաշտոնյան։

Եդիգարյանի խոսքով՝ եվրոպական գործընկերների հետ օրակարգային հարցերից մեկը նաև ռազմատեխնիկական համագործակցությունն է, որը «չի սահմանափակվում միայն զենք-զինամթերք գնելով, այլ ունի տարբեր բաղկացուցիչներ»։

Մեկնաբանել