Ի՞նչ է շահում Էրդողանը հակաիսրայելական հռետորաբանությունից

ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու Թրամփի որոշման ֆոնին Իսրայելին խիստ քննադատող Թուրքիայի նախագահը փորձում է իր վրա վերցնել իսլամական աշխարհի առաջնորդի դերը: Իրականում, ըստ գերմանական Die Welt-ի սյունակագիր Բորիս Կալնոկիի, նա բոլորովին այլ նպատակներ է հետապնդում:

«Երուսաղեմը մուսուլմանների համար կարմիր գիծ է»,- հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Երուսաղեմի մասին Թրամփի որոշման մասին հայտնի դառնալուց հետո: Էրդողանը վստահ է, որ տարածաշրջանի մուսուլմանների համար ժամանակն է վճռականորեն գործել:

Նրա ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինը Անկարա կատարած այցի ժամանակ Վաշինգտոնի որոշումը անվանել է անհանգիստ տարածաշրջանի համար «ապակայունացնող» գործոն, հաղորդում է Die Welt-ը:

Իսլամական համագործակցության կազմակերպության (նախկինում՝ Իսլամական կոնֆերանս կազմակերպություն) գագաթաժողովում, որը տեղի է ունենում այս չորեքշաբթի՝ Ստամբուլում, Թուրքիայի նախագահն արդեն կոչ է արել Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք։ ԼԻՆԿ

«Էրդողանի վերջին հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ նա կարծես ցանկանում է «ի զեն» կոչ անել աշխարհի բոլոր մահմեդականներին։ Օրինակ, Էրդողանը Իսրայելին անվանեց «ահաբեկչական պետություն», «օկուպանտ», «երեխաներ սպանողների երկիր», որը Երուսաղեմը վերածում է «մահմեդականների բանտի»,- գրում է Կալնոկին։ Ըստ Թուրքիայի նախագահի` «նրանք, ովքեր կարծում են, որ իրենց պետությունն ունեն,- Էրդողանը նկատի ուներ Իսրայելի հրեաներին,- շուտով չեն գտնի մի ծառ, որի ետևում կարողանան թաքնվել»:

Այնուամենայնիվ, եթե ուշադիր նայեք, դրանք բոլորը փուչ սպառնալիքներ են, և ամենայն հավանականությամբ նրանց չի հետևի որևէ գործողություն, համենայնդեպս, Իսլամական համագործակցության կազմակերպության կողմից։ Նույնիսկ թուրքական լրատվամիջոցներն էին գրել, որ Թրամփի որոշումը համաձայնեցված է Սաուդյան Արաբիայի հետ, ասվում է հոդվածում:

Ստացվում է, որ Թրամփը զանգահարել է տարածաշրջանի կարևորագույն պետությունների ղեկավարներին, սակայն շրջանցել է «Թուրքիայի նախագահին, որը վստահ է միջազգային քաղաքական ասպարեզում իր ունեցած նշանակալի դերի մեջ։ Սա արդեն շատ բան է ասում ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների և այն մասին, թե Վաշինգտոնն ինչ դեր է հատկացնում Անկարային իր մերձավորարևելյան քաղաքականության մեջ»:

«Անցած տարիների ընթացքում Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերություններ գործնականում գոյություն չունեին», – ասվում է հոդվածում։ 2010-ից սկսած Էրդողանը կիրառել է կոշտ հակաիսրայելական հռետորաբանություն, որպեսզի ԵՄ-ին միանալու անհաջող փորձերի փոխարեն Մերձավոր Արևելքում յուրատեսակ «թուրքական համագործակցություն» ստեղծի։ «Բայց Թուրքիայի կողմից առաջնորդվող բարգավաճ մահմեդական աշխարհի երազանքը փլուզվեց Լիբիայում և Սիրայում քաղաքացիական պատերազմների հետևանքով առաջացած քաոսի պատճառով»,- գրում է Կալնոկին:

«Նրա ամպագոռգոռ հակաիսրայելական և հակաամերիկյան հռետորաբանութունը, առնվազն մասամբ, կրում է ներքաղաքական բնույթ։ 2019թ. Թուրքիայում տեղի կունենան նախագահական ընտրություններ։ Էրդողանին հաղթանակի համար անհրաժեշտ է ձայների ավելի քան 50 տոկոսը, այն դեպքում, երբ վերջին ամիսներին նրա վարկանիշը չի գերազանցել 47 տոկոսը»,- ասվում է հոդվածում։

«Նախընտրական վերլուծությունը ցույց է տալիս, որ ընտրողների 10-20 տոկոսը համակրում է Էրդողանին, բայց ոչ նրա հիմնած նախագահական կառավարման համակարգին»: Շատ մուսուլմանների համար կարևոր են դարձել այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են ժողովրդավարությունը և հավասարությունը. ոչ բոլորն են պետության գլխին ուզում տեսնել ամենակարող սուլթան Էրդողանին»,- բացատրում է հեղինակը:

«Էրդողանի օգտագործած կրոնական-քարոզչական տոնը, որը դատապարտում է Թրամփի որոշումը, պետք է նրան ապահովի իր ավանդական պահպանողական ընտրազանգվածի աջակցությունը և օգնի միավորներ բերել ազգայնական շարժման կողմնակիցների կողմից», – գրում է Կալնոկին:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել