«Իզմիրլյան» հիմնադրամը 5 միլիոն դոլար է հատկացնում ՊՆ ռազմական համալսարանին

«Իզմիրլյան» հիմնադրամը 5 միլիոն դոլար կհատկացնի ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շինությունների վերանորոգման և վերակառուցման մեծածավալ ծրագրի իրականացման համար:

Դեկտեմբերի 13-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու «Իզմիրլյան» հիմնադրամի փոխնախագահ Գրեգ Ջերեջյանը ստորագրել են համապատասխան հուշագիրը, հաղորդում է ՊՆ-ն։

Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ պաշտպանական գերատեսչությունը մեծ ուշադրություն է դարձնում ռազմական կրթության ոլորտին և այդ ուղղությամբ կատարված առաջին, նշանակալի քայլը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տեղափոխումն էր Դիլիջանի գերժամանակակից համալիր։ Հաջորդ փուլով խնդիր է դրվել ռազմական համալսարանը նույնպես համապատասխանեցնել միջազգային ամենաբարձր չափորոշիչներին:

«Այժմ ձևավորված աշխատանքային խումբը քննարկում է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի և ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարանների մեկտեղման գործընթացն ու տարբեր բաժիններով, բաժանմունքներով մեկ ռազմական համալսարան ունենալու գաղափարը: Ակնկալվում է, որ նոր համալսարանը կտեղակայվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի տարածքում` լրացուցիչ շենքային պայմանների ապահովմամբ»,- ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Նա շեշտել է, որ «Իզմիրլյան» հիմնադրամը համալսարանի ստեղծման օրվանից եղել է կառույցի կողքին և այսօր էլ, նոր հուշագրի ստորագրմամբ, հերթական քայլն է կատարում:

Միջոցառման ընթացքում ճարտարապետ Էրիկ Հովհաննիսյանը ներկայացրել է համալսարանի շենքային հնարավորությունների բարելավման նախագիծը, որով նախատեսվում է կառուցել զորանոցային առավել հարմարավետ պայմաններով, գրադարանով, համակարգչային դասասենյակներով, սպորտային համալիրով ապահովված գերժամանակակից կրթական համալիր:

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտվել մինչև 2019 թվականի սեպտեմբերի 1-ը:

ՊՆ-ի և «Իզմիրլյան» հիմնադրամի համագործակցությունը տարիների պատմություն ունի: Սկսած 2001-ից՝ Հիմնադրամը ֆինանսական մեծ աջակցություն է ցուցաբերում Հայաստանում և Արցախում զոհված և առաջին կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների երեխաներին: Հիմնադրամն իր միջոցներով անցած տարիների ընթացքում զգալի աջակցություն է ցուցաբերել նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ենեթակառուցվածքների արդիականացման, ինչպես նաև զորանոցային պայմանների բարելավման աշխատանքներին:

Մեկնաբանել