Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Ստամբուլում բացված «Իսլամական համագործակցության կազմակերպության» արտահերթ գագաթաժողովը, որը գումարվել է Երուսաղեմի հարցով, հերթական անգամ օգտագործել է հակահայկական քարոզչության նպատակով՝ հայտարարելով, որ «Հայաստանը չի կարող լինել մուսուլման երկրների բարեկամը», քանի որ «ոչնչացնում է սրբազան մզկիթները»։
Ալիևը շնորհակալություն է հայտնել կազմակերպությանն ու մուսուլման հանրությանը ղարաբաղյան հակամարտությունում Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության համար։
Հայաստանին մեղադրելով մուսուլմանների սրբազան վայրերը ոչնչացնելու մեջ՝ Ադրբեջանի նախագահը «կեղծավորություն» է որակել Հայաստանի ցանկությունը՝ բարեկամական հարաբերություններ հաստատել մուսուլման պետությունների հետ։
***
Հայաստանին մուսուլմանական սրբավայրերը ոչնչացնելու մեջ մեղադրող Ադրբեջանը պարբերաբար ոչնչացրել է իր տարածքում պահպանված հայկական ժառանգությունը։ Ոչնչացման վերջին դեպքը գրանցվել է 2005-2006թթ․, երբ քանդվել է Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցը՝ իր հազարավոր խաչքարերով հանդերձ։ Խաչքարերը ոչնչացվել են ծանր շինարարական տեխնիկայի օգնությամբ, իսկ գերեզմանոցի ազատված տարածքը վերածվել է հրաձգադաշտի։