Ռուսական սահմանապահ զորամասը խոչընդոտ է եղել Իրանին սահմանամերձ ճանապարհի վերանորոգմանը (լրացված)

Կառավարությունը դեկտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց որոշման մի նախագծի, որով պետության ու մասնավոր մի ընկերության միջև գնման պայմանագիրը դադարեցվել է։ Այդ պայմանագրով Հայաստանը վերանորոգելու էր Երևան-Գորիս-Մեղրի-Իրան ճանապարհահատվածի 40 կիլոմետրը, սակայն Իրանի հետ սահմանի ռուսական համապատասխան զորամասից վերանորոգման թույլտվություն Հայաստանը չի ստացել։

Կառավարության որոշման մեջ նշված է. «Քանի որ վերոնշյալ հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը, և մեր ափամերձ տարածքները հսկվում են ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից, ուստի անհրաժեշտ էր ձեռք բերել համաձայնություն կողմերի միջև նշված հատվածում աշխատանքների կատարման և ավարտման համար: Սակայն աշխատանքային կարգով հանդիպումների ընթացքում հնարավոր չի եղել արդյունավետ համագործակցել և կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվել»:

Ավելի ուշ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ասել է, որ խնդիրը ոչ թե ռուս սահմանապահների, այլ իրանական կողմի հետ է կապված։ Նա բացատրել է, որ ափապաշտպան աշխատանքներ են կատարվում, ու Արաքս գետի հունի հետ կապված հարց է, որը ռուսական սահմանապահների հետ կապ չունի։

Թեմային այսօր խորհրդարանում անդրադարձել է նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։ «Կառավարությունը պետք է մեկնաբանի, թե ինչու չենք կարողանում այդ կարևորագույն ճանապարհահատվածը վերանորոգել և ինչ պետք է անենք, որ կարևորագույն ճանապարհահատվածների կախում չունենանք ռուսական կոնկրետ զորամասի քմահաճույքից»,- հայտարարել է պատգամավորը։

Մեկնաբանել