Պուտինը 2018-ի ընտրություններին գնում է որպես ինքնաառաջադրվող

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր թվով 13-րդ մեծ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ 2018-ի նախագահական ընտրություններին գնում է որպես ինքնաաառաջադրվող։

«Դա կլինի ինքնաառաջադրում»,- ասել է Պուտինը՝ շեշտելով, որ ակնկալում է այն քաղաքական ուժերի աջակցությունը, որոնք կիսում են իր հայացքը երկրի զարգացման հարցում։

«Եվ ակնկալում եմ քաղաքացիների լայն աջակցություն»,- հավելել է ՌԴ նախագահը։

Պուտինը տեղեկացրել է, որ իր նախընտրական շտաբի ղեկավարի թեկնածությունը դեռ որոշված չէ։ Ռուսաստանի նախագահի խոսքով, դա տեխնիկական հարց է, սակայն կարևոր, բացի այդ, նա կցանկանար, որ իր շտաբում լինեն «երկրում հայտնի, հեղինակավոր մարդիկ»։

Ընթացիկ նախագահական ժամկետի համար Պուտինն ընտրվել էր 2012թ․ «Միասնական Ռուսաստան» կուսակցությունից։

Վլադիմիր Պուտինը ՌԴ նախագահի պաշտոնն զբաղեցրել է երկու ժամկետ անընդմեջ՝ 2000-2008թթ․, ապա զբաղեցրել ՌԴ վարչապետի պաշտոնը՝ 2008-2012թթ․։ Դրանից հետո նա կրկին նախագահ է դարձել 2012թ․։ Եթե Պուտինը հաղթի առաջիկա ընտրություններում, դա կլինի նրա չորրորդ նախագահական ժամկետը, և նա կղեկավարի Ռուսաստանը մինչև 2024թ․ [2008թ․ սահմանադրական փոփոխություններով նախագահի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է մինչև 6 տարի]։ Հերթական անգամ իր թեկնածությունն առաջադրելու մասին Պուտինը հայտարարել է դեկտեմբերի 6-ին։

Մեկնաբանել