ԵՏՄ-ն մեր բոլորի ընդհանուր մեծ նվաճումն է․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աջակցում է Եվրասիական տնտեսական միությունում (ԵՏՄ) համատեղ մաքսակետերի ստեղծման գաղափարին․ այս մասին այսօր նա հայտարարել է թվով 13-րդ մեծ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ի՞նչ վատ բան կա նրանում, որ մեր մաքսային ծառայությունում հայտնվեն աշխատակիցներ Բելառուսից կամ Ղազախստանից և որոշ ժամանակ աշխատեն գործընկերների հետ, իսկ մեր մաքսային ծառայության աշխատակիցները հայտնվեն նրանց մաքսակետերում»,- հարցադրում է արել Պուտինը։ Նրա համոզմամբ՝ «դա ոչ մի կերպ չի խախտում ինքնիշխանության սկզբունքը, և մաքսային ծառայության աշխատանքն ավելի թափանցիկ է դարձնում»։

Ընդհանուր առմամբ ԵՏՄ-ի ստեղծումն ու աշխատանքը Պուտինը համարել է «բոլորի ընդհանուր մեծ նվաճումը»։

«Թվերը խոսում են այն մասին, որ որոշումները ճիշտ էին, և մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում»,- ասել է ՌԴ նախագահը։ Նրա խոսքով՝ միության երկրների ներքին առևտրաշրջանառությունը աճել է 29 տոկոսով, իսկ անդամների գումարային ՀՆԱ-ն՝ 1,8 տոկոսով։

Մեկնաբանել