ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում հանդիպում է ունեցել ուսումնական այդ հաստատությունում դասավանդող ակադեմիական, փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ:
«ՀՀԿ քաղաքական դպրոց հիմնելու մասին Հանրապետական կուսակցության հայտարարությունից մոտ մեկուկես տարի հետո կայացած հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ջանք են ներդնում, իրենց ժամանակը տրամադրում սեփական փորձն ու գիտելիքները դպրոցի սաներին փոխանցելու կարևոր գործին:
ՀՀ նախագահը հանդիպման մասնակիցներին առաջարկել է իրենց կարծիքներն ու առաջարկությունները ներկայացնել «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի արդյունավետության, հետագա գործունեության և զարգացման հեռանկարի վերաբերյալ` միաժամանակ պատրաստակամություն հայտնելով պատասխանելու նրանց հետաքրքրող բոլոր հարցերին, լսելու հանրության ակադեմիական, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների տեսակետները և մոտեցումները:
Քաղաքական դպրոցի դասախոսները կարևորել են կրթական հարթակի առկայությունը և պատրաստակամություն հայտնել այսուհետ ևս շարունակելու դպրոցի ունկնդիրների հետ կիսվել իրենց գիտելիքներով, փորձով ու հմտություններով, նպաստել դպրոցի զարգացմանը: Նրանք նման հանդիպումներն ու անկաշկանդ մթնոլորտում արդիական և կարևոր հարցերի շուրջ քննարկումները երկուստեք օգտակար են համարել:
Հանդիպման մասնակիցները Սարգսյանից հետաքրքրվել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին վերաբերող հարցերի, տարածաշրջանի զարգացումների, հարևան պետությունների հետ հարաբերությունների հեռանկարի վերաբերյալ Նախագահի տեսակետների, ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի ներկայիս փուլի, Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքի և մի շարք այլ հարցերի մասին»,- ասված է նախագահականի տարածած մամուլի հաղորդագրությունում: