Արցախի խորհրդարանն ընդունել է 2018թ. պետական բյուջեն։ Եկամուտներ՝ 96,43 մլրդ դրամ, ծախսեր՝ 101,6 մլրդ դրամ, դեֆիցիտ՝ 5,1 մլրդ դրամ: Հայաստանից ստացվող միջպետական վարկը 51 մլրդ դրամ է կամ բյուջեի մոտ 56 տոկոսը։
Դեկտեմբերի 21-ին Ազգային ժողովը գումարել է 6-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը, որի ընթացքում նախատեսված բյուջետային քննարկումներին մասնակցել է Կառավարությունը՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ:
Նստաշրջանի օրակարգը համալրելուց և նիստի օրակարգը հաստատելուց հետո խորհրդարանը շարունակել է դեկտեմբերի 14-ին ընդմիջված Արցախի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Ներկայացնելով նախագիծը՝ ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ ԱԺ խմբակցությունները և պատգամավորները երկրորդ փուլում ներկայացրել են 32 առաջարկ՝ 4,8մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Կառավարության և Ազգային ժողովի կողմից կատարված առաջարկությունների արդյունքում բյուջեի լրամշակված նախագծով վերջնական ցուցանիշները կազմել են. եկամուտներ՝ 96 մլրդ 428մլն դրամ, ծախսեր՝ 101 մլրդ 538 մլն դրամ, դեֆիցիտ՝ 5 մլրդ 110 մլն դրամ:
Բյուջեի նախագծին «դեմ» քվեարկելու իրենց հիմնավորումներն են ներկայացրել «Վերածնունդ» և «Շարժում–88» խմբակցությունները, իսկ «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն» և «Հայրենիք» խմբակցությունները հանդես են եկել «կողմ» քվեարկելու դիրքորոշմամբ:
Նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթում պետական նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է խմբակցությունների ներկայացուցիչների տեսակետներում հնչած միջպետական վարկին, պետական ապարատի օպտիմալացմանը, կրթական ոլորտի բարեփոխումներին, կապիտալ շինարարության ծրագրերին վերաբերող մտահոգություններին:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, շնորհակալություն հայտնելով բյուջեի նախագծի շուրջ համատեղ աշխատանքի համար, նշել է, որ պատգամավորների կողմից ներկայացված այն առաջարկությունները, որոնք չեն ներառվել պետական բյուջեում, տարվա ընթացքում կարժանանան Կառավարության ուշադրությանը:
Ընդդիմադիր Վերածնունդ խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանը դեմ է քվեարկել բյուջեին և որպես պատճառ նշել բյուջեի սեփական մուտքերը ընդամենը մոտ 44 տոկոս են կազմելու:
«Նման իրավիճակում մենք պետք է բյուջեի ամեն դրամի նկատմամբ լինեինք խիստ ուշադիր, փորձեինք ամեն դրամ ծառայեցնել ազգային հարստության ստեղծմանը:
Իսկ ի՞նչ է անում կառավարությունը տարիներ շարունակ: Անընդհատ մեծացնում է պետական ապարատը, բյուրոկրատիան, բյուջետային աշխատողների թվաքանակն ու նրանց սպասարկումը: Դեռ 2,5 տարի առաջ կառավարության կառուցվածքային փոփոխությունների ժամանակ մեզ խոստանում էին որոշակի կրճատել պետական ապարատը, ինչը սակայն տեղի չունեցավ, ծախսերը շարունակում են մնալ ահռելի մեծ: Նույն վիճակն է սահմանադրության փոփոխությամբ պայմանավորված կառուցվածքային վերաձևումների դեպքում»,- ասել է Խանումյանը և հավելել, թե Բակո Սահակյանի կառավարությունը քաղաքական կամք չունի գնալու մեծ պետական ապարատի լավարկմանը։
«Արցախը սկսում է նմանվել այն երկրներին, որոնց բյուջեի զգալի մասը կախված է մեկ ոլորտից ստացվող եկամուտներից, այն տարբերությամբ, որ մեզ մոտ այդ ոլորտին փոխարինում է միջպետական վարկը»,- ասել է Խանումյանը։