Երուսաղեմի հարցում Հայաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ․ ԱԳՆ խոսնակ

Հայաստանն արդեն իսկ հայտնել է Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ իր դիրքորոշումը, և այն մնացել է անփոփոխ․ «Ազատության» հետ զրույցում ասել է արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Հայաստանի կողմ քվեարկելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին, որը կոչ է անում Միացյալ Նահանգներին հրաժարվել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից:

«Երուսաղեմում առկա է բազմադարյա հայկական ներկայություն, հարուստ հայկական պատմա-մշակութային ժառանգություն։ Հայ Առաքելական եկեղեցին հանդիսանում է Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկը: Բնականաբար, մենք ուշադրությամբ ենք հետևում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին։ Նկատի ունենալով Երուսաղեմի վերաբերյալ վերջին շրջանում արտահայտված դիրքորոշումները` ընդունում ենք, որ դրանք չեն կանխորոշում բանակցությունների միջոցով Երուսաղեմի վերջնական կարգավիճակի սահմանումը», – ասել է խոսնակը։

***

Դեկտեմբերի 21-ին Հայաստանը ՄԱԿ-ում կողմ է քվեարկել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը մերժելու բանաձևին։

Բանաձևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստի քվեարկությանը դրել էին Թուրքիան և մի քանի այլ իսլամական երկրներ։

Բանաձևին կողմ է քվեարկել 128 երկիր։

Դեմ է քվեարկել ինը երկիր՝ ԱՄՆ-ը, Իսրայելը, Գվատեմալան, Հոնդուրասը, Մարշալյան կղզիները, Միկրոնեզինա, Նաուրուն, Պալաուն և Տոգոն։

Ձեռնպահ է քվեարկել 35 երկիր, այդ թվում՝ Կանադան, Ավստրալիան, Լեհաստանը, Ռումինիան, Արգենտինան, Խորվաթիան, Մեքսիկան, Պարագվայը, Հարավային Սուդանը, աֆրիկյան և խաղաղօվկիանոսյան փոքր երկրներ։

Դոնալդ Թրամփը սպառնացել է կրճատել Երուսաղեմի հարցում իր քաղաքականությանը դեմ գնացող երկրներին հատկացվող ֆինանսական օգնությունը։

Ավելի վաղ Հայաստանը հայտնել էր իր դիրքորոշումը՝ հայտարարելով, որ չի պաշտպանում ԱՄՆ-ի նախագահի դիրքորոշումը Երուսաղեմի հարցում։

Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Երուսաղեմի կարգավիճակի հարցը «միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է և կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում։ Դա կարող է ճանապարհ հարթել տևական անվտանգության և խաղաղության հաստատման համար»։

Մեկնաբանել