Աշխարհը 2017-ին․ The Economist-ի ամփոփումը

Բրիտանական The Economist պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել` ամփոփելով 2017-ի ամենակարևոր քաղաքական և տնտեսական իրադարձությունները։

Դոնալդ Թրամփի նախագահության առաջին տարվա հնչերանգի հիմքը դրվեց նրա երդմնակալության արարողությանը, որտեղ նա «բուռն հարձակում» գործեց ամերիկյան քաղաքական իսթեբլիշմենթի վրա՝ «ամերիկյան կոտորած» իրականացնելու համար: Դրան հաջորդեց վեճը երդմնակալության բազմության (այն փոքր էր) քանակով լրատվամիջոցների խմբի հետ: Այդ պահից սկիզբ առավ մամուլի հետ նրա փոխհարաբերությունների սրընթաց վայրէջքը։ «Կանանց շքերթներում» միլիոնավոր ցուցարարներ դուրս եկան ցույցերի՝ բողոքելու Թրամփի դարաշրջանի մեկնարկի դեմ:

Թրամփը մի շարք հակասական քաղաքական որոշումներ կայացրեց` մահմեդական մի շարք երկրների քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի արգելում, «Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության» առևտրային համաձայնագրից դուրս գալը, Հյուսիսամերիկյան ազատ առևտրի համաձայնագրի՝ NAFTA-ի պայմանների վերաբանակցելը, Փարիզի կիմայի վերաբերյալ համաձայնագրից դուրս գալու գործընթացի սկիզբ դնելը և Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը:

Մեղադրանքներ հնչեցին, որ Թրամփի մերձավորներից ոմանք անօրինական կապեր են հաստատել ռուս պաշտոնյաների հետ: Ազգային անվտանգության խորհրդատուի պաշտոնից Մայքլ Ֆլինի հրաժարումը, ինչպես նաև Թրամփի կողմից Հետախուզության դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Քոմեյի պաշտոնից ազատումը ավելի խորացրին կասկածները։

Ատելությունն ու հիմարները

«Կեղծ նորությունների» մեղադրանքների պատճառով տեխնոլոգիական ընկերությունները ստիպված եղան շատ բաներ բացատրել։ Facebook-ը, Google-ը և Twitter-ը Կոնգրեսի առաջ կանգնեցին այն բանից հետո, երբ պարզվեց, որ այդ կայքերում ամերիկյան քաղաքականությանն առնչվող հակասական գովազդի համար վճարել են ռուսական սադրիչները: Թրամփը հայտարարեց, որ հավատում է Վլադիմիր Պուտինին, որ Ռուսաստանը չի միջամտել ԱՄՆ ընտրություններին․ «Ինչքան ուզում եք՝ հարցրեք»:

Չինաստանի կոմունիստական կուսակցության համագումարում կենտկոմի առաջին քարտուղար Սի Ցզինպինը ուժեղացրեց իր իշխանությունը: Նրա «Սոցիալիզմի մասին մտքերը» տեղ գտան կուսակցության սահմանադրության մեջ: Չինաստանի վերջին առաջնորդը, որն իր կենդանության օրոք իր գաղափարախոսությունն այս կերպ ամրագրել էր սահմանադրության մեջ, Մաո Ցզե Դունն էր։

Թուրքիայի ամենակարող ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամրապնդեց քաղաքական գերիշխանությունը հանրաքվեի միջոցով, որը հզորացրեց նրա նախագահության դիրքերը: Այն բանից հետո, երբ Անգելա Մերկելի կառավարությունը Գերմանիայում արգելեց թուրք քաղաքական գործիչների հանրահավաքները, հաջորդեց դիվանագիտական լեզվակռիվ։ Հանրաքվեի արդյունքները Թուրքիայում ուղեկցվեցին բողոքի ցույցերով և ընտրախախտումների մասին բողոքներով։

Ընկեր լինելուն ուղղված ջանքերը

Հյուսիսային Կորեան ԱՄՆ համբերությունը փորձեց իր հրթիռային փորձարկումներով՝ ինքն իրեն հռչակելով «լիարժեք» միջուկային պետություն, որը կարող է հարված հասցնել ԱՄՆ-ի ցանկացած վայրի: ԱՄՆ-ն ակնարկեց ռազմական գործողությունների մասին, եթե Հյուսիսային Կորեան շարունակի զարգացնել միջուկային զինանոցը: Երկու երկրների ղեկավարները վիրավորեցին իրար, Կիմ Չեն Ինը Թրամփին անվանեց «խելքը թռցրած ծերուկ», իսկ Թրամփը Կիմին անվանեց «հիվանդ լակոտ»:

Զիմբաբվեի բռնապետ Ռոբերտ Մուգաբեի 37-ամյա իշխանությունը հանկարծակի ավարտվեց: Այն բանից հետո, երբ Մուգաբեն աշխատանքից ազատեց փոխնախագահ Էմերսոն Մնանգագվային, բանակը իրականացրեց ռազմական հեղաշրջում։ Վերջինս, վերադառնալով աքսորից, զբաղեցրեց Մուգաբեի աթոռը։ Մնանգագվան 1980-ականներին Նդեբելե ցեղի զանգվածային սպանություններում մեղքի իր բաժինն ուներ։ Նա այժմ խոստանում է լինել լավ ժողովրդավար, բայց իր աշխատակազմի մաս է դարձրել Մուգաբեի ամենամոլի կողմնակիցներին:

Սեռական ոտնձգությունները 2017թ. մեծ աղմուկ բարձրացրած խնդիրների թվում էին։ Հարյուրավոր կանայք բացահայտեցին բարձր պաշտոններում գտնվող տղամարդկանց, որոնք չէին կարողացել իրենց ձեռքերը իրենց պահել։ Հոլիվուդյան հայտնի կինոռեժիսոր Հարվի Վեյնշտեյնը հայտնվեց այդ մեղադրանքների կենտրոնում, նրա ստեղծած ֆիրման սկսեց փլուզվեց իր աչքի առաջ։ Հրաժարական տվեց մի սենատոր, մի քանի կոնգրեսականներ և Բրիտանիայի պաշտպանության նախարարը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, տեսնելով, որ ընդդիմադիր Աշխատավորական կուսակցությունը խառնաշփոթի մեջ է, արտահերթ ընտրությունների կոչ արեց: Այն զարմանալիորեն հակառակ արդյունքն ունեցավ։ Մռայլ քարոզարշավից հետո նրա պահպանողական կուսակցության համար 100 տեղանոց մեծամասնության վաղ կանխատեսումները չարդարացան: Տիկին Մեյը կորցրեց մեծամասնությունը: Աշխատավորական կուսակցության համոզված ձախակողմյան առաջնորդ Ջերեմի Քորբինը ամրացրեց իր դիրքերը: Կառավարելու համար տիկին Մեյը ստիպված էր գործարք կնքել հյուսիսիռլանդական բողոքական փոքրիկ կուսակցության՝ Դեմոկրատական յունիոնիստների հետ։ Սա ավելի բարդացրեց Բրեքզիթի շուրջ ընթացող բանակցությունները:

Լոնդոնի բնակարանային համալիրներից մեկում հրդեհին զոհ գնաց 71 մարդ, ինչը լույս սփռեց քաղաքի ամենաթանկարժեք թաղամասերում գոյություն ունեցող աղքատության վրա։ Գրենֆելյան աղետը ի մի բերեց անհանգիստ, մասնատված Բրիտանիայի տրամադրությունները։

Անգելա Մերկելի քրիստոնեա դեմոկրատները տեղեր կորցրին Գերմանիայում կայացած ընտրություններում, ինչը Գերմանիայի ներգաղթի դեմ հանդես եկող «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համար բեկումնային եղավ։ Մերկելին մեծ դժվարությամբ հաջողվեց կառավարություն կազմել։

Ճապոնիայում կայացած ընտրություններից հետո վարչապետ Սինձո Աբեն այժմ կարող է օրենք ընդունել առանց խորհրդարանի վերին պալատի համաձայնության: Նա կփորձի փոխել Ճապոնիայի պացիֆիստական սահմանադրությունը` ճանաչելով ճապոնական բանակի գոյությունը, որը կանհանգստացնի Չինաստանին և Հարավային Կորեային:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ընտրությունը ցնծությամբ ընդունեցին աշխարհի կոսմոպոլիտ քաղաքացիները։ Մակրոնի քարոզարշավը նշանավորվեց քենեդիական լավատեսությամբ և գլոբալիզմի գրկաբաց ընդունմամբ։ Նա ջախջախեց Ազգային ճակատի թեկնածու Մարի Լը Պենին: Բայց կառավարումը միշտ ավելի բարդ է. Մակրոնի վարկանիշը նրա կառավարման առաջին մի քանի ամիսների ընթացքում ընկավ։

Հարկերի կրճատման կարիք

Գլոբալ ֆոնդային բորսաների համար հագեցած տարի էր։ Dow Jones-ի արդյունաբերական միջինը, S&P500-ի և NASDAQ-ի շուկաները մեկը մյուսի հետևից ռեկորդներ սահմանեցին: Սա բացատրվում է Թրամփի՝ տնտեսական կարգավորումները թեթևացնելու և հարկերը կրճատելու խոստումներով, ինչպես նաև գլոբալ տնտեսության ամրապնդմամբ։

Չնայած պայթյունավտանգ սպեկուլյատիվ փուչիկ լինելու մասին նախազգուշացումներին՝ բիթքոինի գինը տարվա ընթացքում գրանցեց 1 800 տոկոս աճ՝ հասնելով ավելի քան 19,000 դոլարի (մինչև դուք կարդաք այս բաժինը, այն կարող է անցել 20 000 դոլարը):

Բազմաթիվ կենտրոնական բանկեր գնաճային ճնշումների հետևանքով խստացրին դրամավարկային քաղաքականությունը: Դաշնային պահուստային համակարգը երեք անգամ բարձրացրեց տոկոսադրույքը: Անգլիայի Բանկը անցյալ տասնամյակում առաջին անգամ բարձրացրեց տոկոսադրույքները, նույնն արեց Կանադայի կենտրոնական բանկը՝ յոթ տարվա մեջ առաջին անգամ, իսկ Հարավային Կորեան՝ վեց տարվա մեջ առաջին անգամ: Եվրոպական կենտրոնական բանկը քայլեր է ձեռնարկում թափ հաղորդելու խթանման իր ծրագրին։

Տականքների մասին

Ջիհադիստները շարունակեցին սպանել մարդկանց: Զինված անձը հարձակում գործեց Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում՝ սպանելով 39 մարդու: Տրանսպորտային միջոցները որպես զենք օգտագործող ահաբեկիչները Բարսելոնայում սպանեցին 13, Նյու Յորքում ` 8, Ստոկհոլմում` 5 մարդու: Այս տարին Մեծ Բրիտանիայի համար 2005-ից ի վեր ահաբեկչության առումով ամենավատն էր. եղան ահաբեկչական հարձակումներ Լոնդոնի կենտրոնում: Մանչեսթրում Արիանա Գրանդեի համերգի ժամանակ ինքնասպան ահաբեկիչը սպանեց 22 և վիրավորեց 500 մարդու։ Հարյուրավոր զոհեր եղան Եգիպտոսում սուֆիական մզկիթի վրա և Սոմալիում հարձակումների արդյունքում: Քաբուլում ռումբի պայթյունից զոհվեց առնվազն 150 մարդ:

«Իսլամական պետությունը» վերջապես դուրս մղվեց Իրաքի և Սիրիայի իր դիրքերից: Թեև երկու երկրներում էլ այն արդեն հանգած ուժ է, նրա ճանկերը տարածվել են Լիբիայում: Միևնույն ժամանակ, շարունակվեց պատերազմը Սիրիայում: Բաշար Ասադի ռեժիմը քիմիական զենք կիրառեց Իդլիբ նահանգում հարձակման ժամանակ. Ամերիկան պատասխան հարված հասցրեց 59 թևավոր հրթիռներով: Երկրի մեծ մասի վերահսկողությունը շարունակեց մնալ Ասադի ձեռքում։

Իրաքի ինքնավար քրդական շրջանում անկախության հանրաքվեից հետո իրաքյան զորքերը մտան Քիրքուկ և վերահսկողության տակ առան քաղաքը, որը թեև դուրս էր քրդական ինքնավարության վարչական տարածքից, բայց մասնակցել էր հանրաքվեին։

Ժամանակակից Ամերիկայի պատմության մեջ ամենազանգվածային հրաձգությունը տեղի ունեցավ Լաս Վեգասում, երբ զինված անձը հյուրանոցի սենյակից ինքնաձիգից կրակ բացեց համերգին ներկա գտնվողների վրա՝ սպանելով 58 մարդու:

Իսպանիան տասնամյակներ անց հայտնվեց իր ամենածանր ճգնաժամի մեջ, երբ Կատալոնիան հակասահմանադրական հանրաքվեի միջոցով քվեարկեց անկախության օգտին, մասնակցության մեծ տոկոս գրանցեցին անջատողականները։ Կատալոնիայի ղեկավարների՝ անկախություն հռչակելուց հետո Մադրիդը առկախեց տարածաշրջանի ինքնավարությունը: Նրա ղեկավարները ապաստան հայցեցին Բելգիայում։

Մյանմարում բանակի կողմից ռոհինգյա մահմեդականների էթնիկ զտումների հետևանքով ավելի քան 650 000 հոգի փախավ հարևան Բանգլադեշ:

Դաշնային կառավարությունը պատրաստ է

Կոռուպցիոն սկանդալը, որը հանգեցրեց Հարավային Կորեայի նախագահ Պակ Գյուն Հեյի պաշտոնազրկմանը, տարածվեց նաև Samsung-ի վրա, և հինգ տարվա ազատազրկման դատապարտվեց դե ֆակտո գլխավոր տնօրեն Լի Ջե-Յոնգը:

Էժան մարտկոցները, ավելի երկար երթևեկելու հնարավորությունն ու արտանետումների վերաբերյալ մտահոգություններն ավելի պայծառ դարձրին էլեկտրամոբիլների հեռանկարը: Volvo-ն դարձավ առաջին խոշոր ավտոարտադրողը, որը հայտարարեց ներքին այրման շարժիչով ավտոմեքենաների արտադրության դադարեցման որոշման մասին: Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հայտարարեցին, որ առաջիկա տասնամյակների ընթացքում կարգելեն ամբողջովին բենզինով և դիզելային վառելիքով աշխատող մեքենաների վաճառքը:

Տխուր

Տարվա հանրային կապերի աղետի մրցանակը ստացավ United Airlines-ը: Այն բանից հետո, երբ ոչ ոք կամավոր չզիջեց իր տեղը թռիչքից առաջ, ավիաընկերությունը բռնի կերպով ինքնաթիռի միջանցքով քարշ տալով հեռացրեց ուղևորներից մեկին։ Միջադեպը աննախադեպ արձագանք ստացավ սոցիալական ցանցերում։ «United-ը պետք է հաղթի մրցակիցներին, ոչ թե հաճախորդներին»,- ծաղրեցին օգտատերերը։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել