Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի ռադարներ ու հրետանային սպառազինություն․ Hindustan Times

Հնդկաստանը բանակցություններ է վարում Հայաստանի հետ՝ 2018թ․ ռադարների ու հրետանային սպառազինությունների մատակարարման շուրջ, հաղորդում է Hindustan Times-ը։

Պարբերականը նշում է, որ երկրի պաշտպանության նախարարությունը մտադիր է 2018թ․ մեծացնել զենքի և ռազմական սարքավորումների արտահանման ծավալները, բանակցություններ են վարվում, բացի Հայաստանից, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Հորդանանի, Մյանմայի հետ։ Հնդկաստանի կառավարական աղբյուրները հաստատել են վերոհիշյալ երկրների հետ ռազմական կապերը խորացնելու մասին տեղեկությունը։

Hindustan Times-ը գրում է, որ կոնկրետ Հայաստանի հետ բանակցություններն ընթանում են DRDO գործակալության [Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների ու զարգացման կազմակերպություն, որը գտնվում է երկրի պաշտպանության նախարարության ենթակայության տակ – ՍիվիլՆեթ] արտադրության ռադարների ու հեռահար հրետանային սպառազինությունների վաճառքի շուրջ։

Լուսանկարում՝ RAJENDRA տեսակի հնդկական արտադրության ռադար

Մեկնաբանել