Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
Սերժ Սարգսյանի խոսքով՝ 2017 թվականի կարևոր համապետական իրադարձությունը ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններն էին:
«Այժմ հետադարձ հայացք նետելով՝ կարող ենք վստահաբար արձանագրել, որ այդ ընտրություններն անցան կառուցողական և համերաշխ մթնոլորտում: Ընտրություններն արժանացան մեր հանրության և միջազգային մասնագիտացված դիտորդական կազմակերպությունների դրական գնահատականին՝ արդար մրցապայքարում գծագրելով հաջորդ հինգ տարիների մեր քաղաքական խճապատկերը: Այդ արդյունքն արձանագրելու գործում մեծ է եղել նաև Հայաստանի լրատվական դաշտի ներդրումը: Այն ճանաչվել է միջազգային դիտորդական կազմակերպությունների կողմից, և ես շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի համար»,- ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ եղել են նաև «դժվարություններ, անհարթություններ, թյուրըմբռնումներ», քանի որ «անվրդով ընտրական գործընթաց աշխարհի որևէ երկրում գոյություն չունի, քանի որ մրցապայքարում շիկանում են կրքերը, լարվում են նյարդերը»:
Սերժ Սարգսյանի համոզմամբ՝ «բարեփոխված Սահմանադրությամբ ձևավորվող խորհրդարանական հանրապետության պայմաններում լրատվամիջոցների իշխանությունը մեր կյանքում շատ ավելի ընդարձակ դերակատարում է ունենալու»։
ՀՀ նախագահը կոչ է արել գալիք տարիներին աշխուժացնել սփյուռքի համայնքներում գործող լրատվամիջոցների հետ կապերը: Նա ԶԼՄ-ների ավելի ակտիվ ներգրավվածություն է ակնկալում 2040 թվականին չորս միլիոնանոց Հայաստան ունենալու իր տեսլականի և ապագա այլ ծրագրերի մշակման ու իրականացման ընթացքում։
ՀՀ նախագահը լրատվամիջոցների ներկայացուցիչներին հորդորել է ավելի մեծ ուշադրության և խորքային գնահատականների արժանանացնել Հայաստանի մասնակցությունն ինտեգրացիոն գործընթացների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի, համայնքների խոշորացման գործընթացի կամ տնտեսական աշխուժացմանն առնչվող թեմաներին։