Սամվել Բաբայանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել

Լեռնային Ղարաբաղի բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը պահանջում է արդարացնել իր պաշտպանյալին։ ՍիվիլՆեթի հետ զրույցում Քալաշյանն ասաց, որ վերաքննիչ բողոք է ներկայացրել։

Սամվել Բաբայանը առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել ռազմամթերքի ապօրինի շրջանառության և փողերի լվացման համար։ Նա դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։ Ավետիս Քալաշյանը համոզված է, որ «գործով չի ապացուցվել Բաբայանի մեղքը»։

Ինքը՝ Սամվել Բաբայանը, կարծում է, որ սա «ոչ թե իրավական գործընթաց է, այլ քաղաքական պատվեր»։ Այդ մասին նա դատարանում ասել էր լրագրողներին՝ հավելելով, որ Հայաստանում «միայն մեկն է պատվեր տալիս»։

Սամվել Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված 5000 եվրո գումար։

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը յՍամվել Բաբայանի և մյուսների գործով դատավճիռ կայացրեց նոյեմբերի 28-ին։

Բացի Ղարաբաղի բանակի նախկին հրամանատարից այս գործով անցնում է ևս 6 մարդ։ Նրանցից Սանասար Գաբրիելյանի նկատմամբ նշանակվեց պատիժ երեք տարի ժամկետով, նա բողոքարկել է վճիռը, մյուս ամբաստանյալը Արմեն Պողոսյանը դատապարտվեց երկու տարի ժամկետով ազատազրկման։ Ամբաստանյալներ Ժորա Զաքարյանը, Անդրանիկ և Կարեն Քոչարյանները, Դավիթ Հարությունյանը նույնպես մեղավոր ճանաչվեցին, սակայն նրանց համար նշանակվեց երկու տարվա փորձաշրջան։

Մեկնաբանել