Ռուսաստանի ԿԸՀ-ն Նավալնիին թույլ չտվեց մասնակցել նախագահական ընտրություններին

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 25-ին մերժել է Ալեքսեյ Նավալնիի գրանցումը նախագահության թեկնածուների թվում, հաղորդում է Vedomosti․ru-ն։ Նավալնին անձամբ էր ժամանել ԿԸՀ` մասնակցելու իր գրանցման քննարկմանը։ Որոշման նախագծի համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին առաջարկվել էր մերժել Նավալնիին նախագահի թեկնածուների թվում գրանցելը՝ դատվածության հետևանքով ընդդիմադիր առաջնորդի պասիվ ընտրական իրավունքի բացակայության պատճառով։ ԿԸՀ-ի 12 անդամներ քվեարկել են որոշման նախագծի օգտին:

Խոսելով քննարկման ժամանակ՝ ԿԸՀ-ի անդամ, Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Բորիս Էբզեևը հիշեցրել է, որ ՍԴ 2013 թ. հոկտեմբերի 10-ի որոշումը հստակ սահմանափակում է պասիվ ձայնի իրավունքը՝ լուրջ մեղադրանքներով դատված դատապարտյալների համար։ Նրանք չեն կարող մասնակցել ընտրություններին՝ դատավճիռը հանելուն կամ ազատ արձակվելուն հաջորդող տասը տարվա ընթացքում։

Նավալնին 2017թ. փետրվարի 8-ին դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման: Նույն ամսին Կիրովի Լենինսկիի դատարանը կրկին (առաջին դատավճիռը ուժը կորցրած էր ճանաչվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ) պայմանական հինգ տարվա դատապարտեց Նավալնիին՝ «Կիրովլեսի» գործով։

ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան նշել է, որ հանձնաժողովը Նավալնիի այլ փաստաթղթերի վերաբերյալ բողոքներ չի ունեցել:

Նավալնին, իր հերթին հիշել է, թե ինչպես իրեն թույլ չեն տվել մասնակցել խորհրդարանական ընտրություններին և ասել է. «Ես չեմ սիրում ԿԸՀ-ն: Ես անընդհատ ձեր գործն եմ անում. միշտ ասում եմ, թե ինչպես կարելի է ավելի շատ մարդկանց ներգրավել ընտրություններում: Ես անընդհատ ձեզ կոչ եմ անում, իսկ դուք ասում եք՝ ոչ»։

Մեկնաբանել