Համայն ռուսիո պատրիարքը պարգևատրել է Մեհրիբան Ալիևային

Մոսկվայի և Համայն ռուսիո պատրիարք Կիրիլը Ադրբեջանի փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևային պարգևատրել է Սուրբ առաքելահավասար իշխանուհի Օլգայի երկրորդ կարգի շքանշանով: Ինչպես փոխանցում է Interfax գործակալությունը, արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայի Քրիստոս Փրկիչ տաճարում:

Շքանշանը հանձնվել է Ռուս ուղղափառ եկեղեցուն օգնելու և Աստրախան քաղաքը բարեկարգելու համար։

«Դուք շատ կարևոր դեր եք խաղում Ձեր երկրի և սեփական ժողովրդի կյանքում։ Սակայն որպես մի մարդ, որն ունի բազում տաղանդներ և հրաշալի հոգևոր որակներ, Դուք շատ բան եք անում նաև Ձեր հայրենիքի սահմաններից դուրս։ Եվ ահա այսօր Ձեզ այս պարգևը հանձնվում է Ռուս ուղղափառ եկեղեցուն աջակցության և Աստրախան քաղաքի կյանքում հատուկ մասնակցության համար»,- ասել է պատրիարք Կիրիլը։

Շնորհակալություն հայտնելով՝ Մեհրիբան Ալիևան ասել է, որ իր երկիրը «աշխարհին բաց երկիր է», որը «հարգում է իր արմատները, ավանդույթներն ու պատմությունը»։