«Կմեռնեմ, բայց հացադուլից դուրս չեմ գա»․ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ

«Սասնա ծռեր» խմբավորման երկու անդամներ Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը հացադուլ են հայտարարել։ Դեկտեմբերի 27-ին դատարանում քննարկվեցին նրանց կողմից հասցեագրված դիմումները։

Արմեն Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանը դատավոր Մեսրոպ Մակյանին տեղեկացրեց, որ իր պաշտպանյալն արդեն 10 օր է, ինչ հացադուլի մեջ է։

«Պահանջը վերաբերում է նրա բժշկական հետազոտություններին, որոնք անհիմն մերժվել են՝ չնայած մեր բազմաթիվ դիմումներին»,- ասաց Ֆանյանը։ Նրա խոսքով՝ Բիլյանի կյանքն արդեն վտանգված է։

«Արմեն Բիլյանի խուցը շատ ցուրտ է, և անմարդկային պայմաններ են ուղղակի խցում։ Պահվում է մենախցում, որտեղ խոնավ, շատ ցուրտ ու կյանքի հետ անհամատեղելի պայմաններ են»,- նշեց փաստաբանը՝ խնդրելով դատավորին հրատապ կերպով լուծել Բիլյանի տեղափոխման հարցը։ Մեսրոպ Մակյանը խոստացավ գրություն ուղարկել քրեակատարողական հիմնարկ և պատրաստակամություն հայտնեց խնդիրը լուծել:

Դատարանում գտնվող Բիլյանը հայտարարեց․ «Ինչքան ուզում է՝ այս թղթաբանությունը ձգձգեն, ես դուրս չեմ գա հացադուլից, կմեռնեմ, բայց հացադուլից դուրս չեմ գա։ Պահանջս է, որ ինձ տեղափոխեք «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ»։

Բացի ոստիկանության շենքը զավթելուց, Բիլյանին մեղադրանք է առաջադրվել նաև ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության և զենքի շորթման համար։

Մյուս ամբաստանյալը՝ Սմբատ Բարսեղյանը, 7 օր է՝ հացադուլի մեջ է։

«Սասնա ծռեր» խմբի անդամները մեղադրվում են 2016-ի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի զենքի գործադրմամբ ոստիկանության շենքի գրավման, պատանդներ պահելու, գույք ոչնչացրել համար։ Գունդը 15 օր գրավված պահելուց հետո նրանք զենքերը վայր դրեցին և հանձնվեցին իրավապահներին։ Այդ օրերին փոխհրաձգությունների հետևանքով սպանվեց երեք ոստիկան։ Ըստ նախաքննության մարմնի՝ ոստիկաններ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի և Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղավոր են Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննություններն իրականացվում են իրարից անջատված մասերով։