Քարվաճառի Ծար գյուղի երեխաները հեծանիվներ ստացան

Արցախի Շահումյանի շրջանի Ծար գյուղը ծովի մակերևույթից 2100 մ բարձրության վրա է: Տեղացիները նույնիսկ կատակում են, թե այստեղ արծիվն ավելի ցածր է ճախրում, քան իրենք ապրում են: Քարվաճառից մոտ 20 կմ հարավ-արևելք է գյուղը: Այսօր այնտեղ ապրում է 12 ընտանիք: Իսկ գյուղի Մատթեոս Ծարեցու անվան միջնակարգ դպրոցում սովորում է յոթ երեխա։

Հայ լեռնագնացների միությունը նոր հեծանիվներ էր տարել դեկտեմբերի 22-ին: Մասնավոր դրամական օգնության շնորհիվ ձեռք բերված յոթ հեծանիվները City Bike Armenia-ի օգնությամբ հավաքվեցին և Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանի, ինչպես նաև AMAS զբոսաշրջային ակումբի հիմնադիր Արմեն Մկրտչյանի աջակցությամբ հասցվեցին Ծար գյուղ: Գյուղի երեխաներին նման նվեր անելու գաղափարը ծնվել էր դեռ 2017 թվականին, երբ Թելմա Ալթունը հունիսին եկել էր Արցախ՝ Janapar Trail-ով 287 կմ վազքով անցնելու:

 

Հեծանիվների հետ երեխաներին տրվեցին նաև սաղավարտներ, նորոգման համար անհրաժեշտ սարքավորումներ և մասեր: Արման Անտոնյանը տեղում բացատրեց հեծանիվն անվտանգ վարելու կարևոր պայմանները և օգնեց դպրոցականներին հագնել սաղավարտները: Բացառիկ բնաշխարհով օժտված այս վայրում հայտնվեց ապագա յոթ հեծանվորդ, ում լեռների ֆոնին իրենց նոր նժույգների վրա նկարելը առանձին հաճույք էր:

Հայ Լեռնագնացների թիմին Քարվաճառից միացավ Շահումյանի շրջկենտրոնի ղեկավար Հարութ Մնացականյանը, ում հետ այցի ընթացքում քննարկվեցին շրջանի և համայնքի զբոսաշրջային և տնտեսական ներուժը զարգացնելու հնարավորությունները: Թիմը համայնքից հեռացավ հույսով, որ ապագայում այստեղ կտեսնեն ծաղկող և բարգավաճող, մի քանի հարյուր ընտանիքով բնակեցված մեծ գյուղ:

Մարինե Պետրոսյան