Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ԵՄ համաձայնագրին

Կառավարությունը դեկտեմբերի 28-ին հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին։

Գործադիրին համաձայնագիրը ներկայացրեց արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Ըստ հիմնավորումների՝ համաձայնագիրը կանոնակարգում է ՀՀ-ԵՄ քաղաքական և տնտեսական բնագավառում երկխոսությունը, ոլորտային  համագործակցությունը և առևտրային հարաբերությունները։ Կարևորում և խրախուսում է քաղաքական և  տնտեսական բարեփոխումների շարունակականության ապահովումը։

Ըստ ԱԳՆ-ի՝ համաձայնագիրը կարևորվում է նրանով, որ նոր՝ գործընկերային մակարդակի է բարձրացնում ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունները և կոչված է դրանք կարգավորելու գալիք տարիների ընթացքում։ Այն ավելի ընդգրկուն է և համապատասխանեցվել է երկկողմ հարաբերությունների էությանն ու խորությանը։

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում Արևելյան գործընկերության 5-րդ գագաթաժողովի ընթացքում։