Իրանում զանգվածային ցույցեր ձվի թանկացման պատճառով

Իրանում տեղի են ունենում վերջին ութ տարիների ամենախոշոր ցույցերը, հաղորդում է Բի Բի Սի-ն: Դրանք սկսվել են իրանական քաղաքներից մեկում ձվի կրկնակի թանկացման դեմ բողոքից, որոնք վերածվել են զանգվածային ցույցների՝ ներգրավելով մի շարք քաղաքներ և ստանալով քաղաքական երանգ:

Վերջին անգամ Իրանում խոշոր ցույցեր տեղի էին ունեցել 2009-ին, երբ տասնյակ հազարավոր իրանցիներ դուրս եկան փողոցներ՝ անհամաձայնություն հայտնելով Իրանի արդեն նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ ընտրություններում վիճելի հաղթանակի հետ:

Այս օրերին մարդիկ դուրս են եկել Իրանի մի շարք քաղաքների՝ Ռեշտի, Քերմանշահի, Շիրազի, Սպահանի և Համադանի փողոցներ: Ամենամեծ բողոքի ցույցը տեղի է ունեցել Մեշհեդ քաղաքում, որտեղ ձերբակալվել է 52 մարդ:

Ցուցարարները պահանջել են ազատ արձակել քաղբանտարկյալներին, վերջ տալ ոստիկանության ամենաթողությանը: «Ոչ Գազան, ոչ Լիբանանը, այլ իմ կյանքը Իրանում»,- վանկարկել են ցուցարարները Մեշհեդի փողոցներում՝ այսպիսով քննադատելով Թեհրանի արտաքին քաղաքականությունը:

Իրանում շատերը դժգոհ են, որ իշխանությունները մեծ գումարներ են ծախսվում աշխարհաքաղաքական խաղերի համար Եմենում, Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, ինչպես նաև իսլամի շիա ուղղությունը քարոզելու նպատակով, մինչդեռ երկրում տնտեսությունը շարունակում է մնալ ճգնաժամի մեջ: