Թուրքիան Ռուսաստանից կգնի С-400 զենիթա-հրթիռային համակարգեր

Մոսկվան և Անկարան С-400 զենիթա-հրթիռային համակարգերի առք ու վաճառքի գործարքի շրջանակներում
ստորագրել են վարկավորման համաձայնագիր՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին, հաղորդում է Ռոյթեր
գործակալությունը:

Թուրքիան դառնում է ՆԱՏՕ-ի անդամ առաջին պետությունը, որը ձեռք է բերում հակաօդային պաշտպանության
ռուսական համակարգեր: 1952 թվականից ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան Ռուսաստանի հետ կնքում է առաջին խոշոր
զենքի գնման գործարքը:

Գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 2,5 միլիարդ դոլար: Չնայած Արևմուտքի անհանգստությանն ու
քննադատությանը, Թուրքիան ձեռք է բերում ռուսական սպառազինություն: С-400 համակարգերի առաքումը Թուրքիա
կսկսվի 2020 թվականի գարնանը:

Թուրքիայի պաշտպանության նախարարը նոյեմբերին հայտարարել էր, որ Թուրքիան Ռուսաստանից կգնի С-400
տեսակի երկու միավոր համակարգեր: