Հայաստան ենք վերադարձնելու երկրից հեռացած մեր հարազատներին. Սերժ Սարգսյան

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ հղած շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանը խոստացել է
«Հայաստան վերադարձնել երկրից հեռացած մեր հարազատներին»: «Նրանք գալու են, քանի որ Հայաստան
հայրենիքում աշխատելու և իրենց դրսևորելու ավելի մեծ ասպարեզ են տեսնելու: Մեր աշխատանքի նպատակը մեկն է՝
բացել նոր հորիզոններ և հնարավորություններ, ստեղծել գործունեության լայն դաշտ Հայաստանի յուրաքանչյուր
քաղաքացու համար»,- ասել է Սարգսյանը:

«2017 թվականը հետևողական աշխատանքի և լուրջ ծրագրերի իրագործման տարի էր: Լայնածավալ
փոփոխությունների տեմպը չի նվազել. ավելին՝ դրանք ավելի մեծ վճռականությամբ ենք առաջ մղել: Եվ դեռ համատեղ
շատ անելիքներ ունենք, որպեսզի ամրապնդենք Հայաստանի պետականության և հասարակության հիմքերը»,- նշել է
Սարգսյանը:

2018-ի ապրիլին նախագահի պաշտոնից հեռացող Սարգսյանն ընդգծել է. «Մեր հավակնությունները մեծ են, և մենք
հետևողական ենք լինելու դրանք իրականացնելիս: Շարունակելու ենք անշեղորեն պաշտպանել Արցախի իրավունքները և շահերը… 2017 թվականին ընտրեցինք նոր Ազգային ժողով: Քաղաքական մրցապայքարը թեժ էր, սակայն մթնոլորտը կառուցողական էր: Խուսափեցինք թշնամանքից և հակադիր ճամբարների բաժան-բաժան լինելուց: Դա ավելի կարևոր է, քան այն, թե ով քանի տոկոս հավաքեց: Սա ևս մեկ առողջ միտում է, որն անցնող տարուց պետք է տեղափոխենք նոր տարի: Փոխադարձ հարգանքը, հանդուրժողականությունը և համերաշխությունը այսուհետ պետք է լինեն Հայաստանի քաղաքական կյանքի մշտական ուղեցույցները»:

Սարգսյանն ասել է, որ 2017 թվականին նոր զարկ է տրվել զինված ուժերն ամրապնդելու գործին: «Իրականացվող
փոփոխությունների արդյունքում զավակին բանակ ուղարկող ծնողները պետք է վստահ լինեն, որ նա ծառայում է
գերազանց կազմակերպվածություն և բացառիկ կարգուկանոն ունեցող զինված ուժերում»: