Հրդեհի տարի. Վրաստանը 2017-ին

Թբիլիսիի Ջեմ Նյուզ կայքը, որը հրապարակումներ է ունենում հինգ լեզուներով՝ հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն, ռուսերեն և անգլերեն, առանձնացրել է Վրաստանում անցնող տարում արձանագրված կարևորագույն 11 իրադարձություն և բացատրել, թե ինչու էին դրանք կարևոր: Ներկայացնենք մի քանիսը:

2017-ին Վրաստանում 13 037 հրդեհ է բռնկվել, որոնց հետևանքով զոհվել է 69 մարդ: Այրվել է նվազագույնը 990 հա անտառ: 2017թ-ին ողջ սրությամբ հայտնի դարձավ, որ Վրաստանում համատարած խախտվում են հրդեհային անվտանգության նորմերն ինչպես բնակելի շենքերում, այնպես էլ չորսաստղանի հյուրանոցներում, ինչը բազմաթիվ մարդկային ողբերգությունների պատճառ է դարձել: Հաճախ դեպքի վայր ժամանած հրշեջ բրիգադները չեն ունեցել հակագազներ, աստիճաններ և այլ անհրաժեշտ պարագաներ: Օգոստոսին Բորժոմի կիրճի անտառներում բռնկված հրդեհը ցույց տվեց, որ երկիրը պատրաստ չէ արտակարգ իրավիճակներին:

Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլին, ով վերջին տարիներին բնակվում էր Վրաստանում, քանի որ Ադրբեջանում նրան հետապնդում էին, մայիսի 29-ին անհետացել էր Թբիլիսիում: Ավելի ուշ նրան հայտնաբերել էին ադրբեջանական բանտում: Մուխթարլիի խոսքով՝ իրեն առևանգել են վրացական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, գլխին պարկ հագցրել և փոխանցել ադրբեջանցի իրավապահներին:Մուխթարլիի գործը կարևոր նախադեպ էր դարձել և լուրջ վնաս հասցրել Վրաստանի՝ որպես տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության գործում առաջատարի համբավին: Կատարվածից 7 ամիս անց վրացի իրավապահներն այդպես էլ չպատասխանեցին այն հարցին, թե ինչպես լրագրողն անհետացավ Թբիլիսիի կենտրոնից:

2017թ-ին փոփոխվեց Վրաստանի Սահմանադրությունը. վերջին 25 տարիներին դա 21-րդ փոփոխությունն էր: Այլ կարևոր լրամշակումներին զուգահեռ փոխվել է նախագահի ընտրության ընթացակարգը. պետության ղեկավարին այլևս չեն ընտրելու քաղաքացիները՝ համընդհանուր ընտրությունների միջոցով: Միաժամանակ, առանց փոփոխությունների է մնացել ընտրական համակարգը, որն, ըստ փորձագետների, իշխող կուսակցությանն ու ընդդիմությանն անհավասարդրության մեջ է դնում:

2017թ-ի մարտի 28-ին Թբիլիսիի միջազգային օդանավակայանից դեպի Լեհաստան է ուղևորվել ինքնաթիռ, որում գտնվում էին դեպի Եվրոպա առանց վիզայի թռչող առաջին ուղևորները: Ութ ամիսների ընթացքում Շենգենյան գոտի առանց վիզայի այցելել է Վրաստանի ավելի քան 173 հազար քաղաքացի:

Փետրվարին Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալվեց ավագ երեց Գեորգի Մամալաձեն, որը մեղադրվում էր «բարձրաստիճան հոգևորականի» հանդեպ մահափորձի համար: Արդյունքում նա դատապարտվել է ուժեղ թույնով՝ նատրիումի ցիանիդով, Վրաց ուղղափառ պատրիարք Իլյա Երկրորդի ազդեցիկ քարտուղար-ռեֆերենտ Շորենա Թեթրուաշվիլիին թունավորելու փորձի համար: Դատարանը հոգևորականին 9 տարվա ազատազրկման է դատապարտել, սակայն վերջինս չի ընդունում իր մեղքը և բողոքարկել է վճիռը: «Ցիանիդի մասին գործը» Վրաստանում «լյուստրացիայի գործընթաց» են անվանել, որը վեր է հանել ամենաազդեցիկ և փակ ինստիտուտի՝ եկեղեցու ներսում գոյություն ունեցող խնդիրները, ինչի արդյունքում սասանվել է նրա հեղինակությունը:

Հոլանդական «Վիտես» ֆուտբոլային ակումբի վրացի լեգիոներ Գուրամ Կաշիան դաշտ էր դուրս եկել ԼԳԲՏ դրոշի գույների թևկապով, որով աջակցություն էր հայտնել սեռական փոքրամասնություններին: Վրացի ֆուտբոլիստի արարքը վրացական հասարակության պահպանողական մասի վրդովումքն էր առաջացրել: Կաշիային մեղադրում էին վրացական ավանդույթները դավաճանելու համար և պահանջում հեռացնել նրան ազգային հավաքականից: Վրաստանում, որտեղ դեռևս ուժեղ են հոմոֆոբ տրամադրությունները, Կաշիան առաջին վրացի մարզիկը դարձավ, ով բացահայտ աջակցություն հայտնեց հասարակության ամենախոցելի խմբերից մեկին: Նրան համերաշխություն հայտնեցին նաև այլ հայտնի մարզիկներ:

Նոյեմբերի 30-ին Վրաստանի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել մարիխուանա օգտագործողների դեմ քրեական գործեր հարուցելը և չեղարկե մինչև այդ պահը գոյություն ունեցող պրակտիկան, երբ մարիխուանայի կրկին օգտագործման համար քրեական պատիժ էր նախատեսվում: Վրաստանում նարկոքաղաքականությունը ամենախիստ և ռեպրեսիվներից մեկն է, արդեն երկար տարիներ հասարակական կազմակերպություններն ու ակտիվիստները պահանջում են փոխել այն: Եվրախորհրդի 2015թ-ի հաշվետվության համաձայն՝ Վրաստանի գրեթե յուրաքանչյուր երրորդ բանտարկյալ պատիժը կրում է թմրանյութերի հետ կապված հանցագործության համար:

Մեկնաբանել