Հարավային և Հյուսիսային Կորեայի միջև բանակցություններ հունվարի 9-ին

Հարավային Կորեան Հյուսիսային Կորեային՝ ԿԺԴՀ-ին, առաջարկել է երկու երկրների միջև գտնվող ապառազմականացված գոտում հունվարի 9-ին բարձր մակարդակի բանակցություններ անցկացնել, հայտարարել է Հարավային Կորեայի Ազգային միաբանության հարցերով նախարար Չո Մյոն Գյունը:

Ծրագրվում է քննարկել փետրվարին Հարավային Կորեայում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին ԿԺԴՀ-ի մասնակցության հարցը, ինչպես նաև երկու երկրներին հետաքրքրող այլ խնդիրներ:

Տարեմուտի իր ելույթում Հյուսիային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հույս էր հայտնել, որ հանրապետության մարզիկները հնարավորություն կստանան մասնակցել Ձմեռային Օլիմպիական խաղերին և հաջողություն մաղթել:

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը ողջունել էր Կիմ Չեն Ընի հայտարարությունը: Բի Բի Սին հիշեցնում է, որ վերջին անգամ՝ փոխնախարարների մակարդակով, Հյուսիսի և Հարավի միջև բանակցություններ անց են կացվել 2015-ի դեկտեմբերին:
Հարավային և Հյուսիային Կորեան փաստացի շարունակում են մնալ պատերազմական վիճակում, քանի որ 1950-1953 թվականներին նույն ժողովրդի երկու հատվածների միջև հակամարտությունը ավարտվել էր հրադադար հաստատելու մասին համաձայնագրով: Երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր չի կնքվել:

Հյուսիսային Կորեայի առաջնորդը Ամանորի ուղերձում ակնարկել էր, որ 2018-ին երկու երկրների միջև հարաբերությունները կարող են բարելավվել: «2018-ը կարևոր տարի է և՛ Հյուսիսի, և՛ Հարավի համար: Հյուսիսը նշում է հիմնադրման 70-ամյակը, իսկ Հարավը կազմակերպում է Օլիմպիական խաղեր»,- ասել է Կիմ Չեն Ընը:

Մեկնաբանել